Wednesday, May 1, 2024
Նորություններ

6 համեղ ու օգտակար մթերք գլխուղեղի առողջության պահպանման համար

Գլխուղեղի աշխատանքի վատթարացումը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա՝ հանգեցնելով հիշողության վատթարացման, աշխատունակության անկման ու կենտրոնացման թուլացման։ Այս օրգանի առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է, սակայն գոյություն ունեն մի շարք գործոններ, այդ թվում՝ սթրեսը, տարիքն ու հիվանդությունները, որոնք նպաստում են գլխուղեղի վիճակի վատթարացմանը՝ բարձրացնելով կոգնիտիվ խանգարումների ու թուլամտության զարգացման հավանականությունը։ Սա հատկապես տհաճ խնդիր է դառնում մտավոր աշխատանք կատարողների համար, սակայն, բարեբախտաբար, կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են խթանել այս օրգանի աշխատանքն ու կանխել անդառնալի խանգարումների զարգացումը։

The Health Site պարբերականը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք օգնում են պահպանել գլխուղեղի առողջությունն ու կանխում են տարիքի հետ այս օրգանի աշխատանքի վատթարացումը։

Յուղոտ ձկնատեսակներ 

Սաղմոնը, իշխանն ու սարդինաները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք շատ կարևոր են լավ հիշողության ու կոգնիտիվ գործառույթների պահպանման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպերի այս տեսակը դանդաղեցնում է կոգնիտիվ կարողությունների տարիքային վատթարացումն ու անգամ կանխում է տարիքայի թուլամտության զարգացումը:

Սուրճ 

Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին ու հակաօքսիդանտներ, որոնք խիստ բարենպաստ ազդեցություն են ունենում գլխուղեղի վրա: Կոֆեինը բարելավում է ուշադրության կենտրոնացումը և բարձրացնում է տրամադրությունն ու էներգիայի մակարդակը: Հակաօքսիդանտներն իրենց հերթին պաշտպանում են նյարդաբանական հիվանդություններից, այդ թվում նաև Պարկինսոնի հիվանդությունից:

Հապալաս 

Հապալասն ու վառ երանգ ունեցող այլ հատապտուղները հարուստ են անտոցիաններով՝ բուսական միացություններով, որոնք օժտված են հակաօքսիդանտային ազդեցությամբ ու պայքարում են բորբոքումների դեմ: Առհասարակ հակաօքսիդանտներով ու անտոցիաններով հարուստ սննդակարգը նվազեցնում է տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

Բրոկոլի

Այս տարածված բանջարեղենը հարուստ է հզոր հակաօքսիդանտներով ու հակաբորբոքային միացություններով, այդ թվում՝ վիտամին K-ով, որն օգնում է պաշտպանել գլխուղեղը վնասվածքներից: Ավելին՝ այս վիտամինի գործածությունն օգնում է նաև բարելավել տարեցների հիշողությունը, ուստի դրանով հարուստ մթերքի ներառումը սննդակարգում շատ կարևոր է:

Դդմի սերմեր

Դդմի սերմերը հակաօքսիդանտների, մագնեզիումի, երկաթի, ցինկի ու պղնձի հիանալի աղբյուր են, իսկ այս տարրերը շատ կարևոր են առողջության համար: Վերոնշյալ սննդարար նյութերի դեֆիցիտը կապված է բազմաթիվ նյարդաբանական խանգարումների հետ, ուստի դրանց մակարդակին հետևելը շատ կարևոր է:

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը գլխուղեղի աշխատանքը խթանող հիանալի նյութերի, այդ թվում նաև ֆլավոնոիդների, կոֆեինի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: Դրանում պարունակվող ֆլավոնոիդներն օգնում է ամրապնդել հիշողությունն ու դանդաղեցնել կոգնիտիվ գործառույթների տարիքային վատթարացումը: Բացի այդ, այս մթերքը նաև բարձրացնում է տրամադրությունն ու դրական ազդեցություն է ունենում հուզական ֆոնի վրա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook