Որոնք են հազի ամենավտանգավոր պատճառները.tert.am
Հազը շատ տարածված ախտանշան է, որը ծանոթ է յուրաքանչյուրին, սակայն լինում են դեպքեր, երբ այն վկայում է լուրջ հիվանդությունների ու առողջական խնդիրների մասին:Այս մասին գրում է tert.am-ը:
Հազի սուր շրջանը կարող է տևել մի քանի օր կամ մեկ շաբաթ, իսկ 7-8 շաբաթից ավել տևելու դեպքում այն վերածվում է քրոնիկականի:
Առհասարակ՝ հազը շատ կարևոր ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական ամենավտանգավոր խնդիրները, որոնցով կարող է պայմանավորված լինել հազը:
Ծխախոտի չարաշահում
Ծխելը կարող է դառնալ շնչուղիների անդառնալի ախտահարման պատճառ, ինչի հետևանքով օրգանիզմն առաջացնում է հազ՝ թոքերն արտաքին անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելու համար: Հազի այդ տեսակը կարող է անհետանալ ծխախոտից հրաժարվելուց մի քանի շաբաթ անց:
Կրծքավանդակի վարակներ
Նման վարակները առավել հաճախ առաջանում են մրսածության կամ գրիպի հետևանքով, և հենց սա է պատճառը, որ դրանք դժվարությամբ են ախտորոշվում: Կրծքավանդակի վարակների հիմնական տեսակներն են թոքաբորբն ու բրոնխաբորբը:
Տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզը պատասխանատու է ամենածանր ու կայուն հազի համար: Այս հիվանդության ախտանշանների շարքին են դասվում թուլությունը, հազալիս արյան առկայությունը, գիշերային առատ քրտնարտադրությունը և քաշի կորուստը: Հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ տուբերկուլյոզը ոչ միայն շատ վտանգավոր է այլև վարակիչ հիվանդություն է, իսկ դրա բուժումը՝ բավական երկարատև:
Կապույտ հազ
Այս հիվանդությունը բնորոշվում է շաբաթներ և անգամ ամիսներ շարունակ խեղդող հազի առկայությամբ: Կապույտ հազի դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ այն կարող է մահացու լինել երեխաների համար:
Սրտի հիվանդություններ
Սրտի հիվանդությունները նույնպես կարող են դառնալ հազի առաջացման պատճառ, քանի որ այս հիվանդությունների դեպքում թոքերում կարող է հեղուկ կուտակվել: Սրտի հիվանդությունների ախտանշաններն են հոգնածությունն ու թուլությունը, ինչի հետևանքով հիվանդը դժվարանում է կատարել անգամ առօրյա գործերը: Նման ախտանշանների դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին՝ հետագայում շատ ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար:
Դեղորայքի ընդունում
Կան դեղամիջոցներ, որոնք կարող են դառնալ հազի առաջացման պատճառ: Որպես կանոն՝ նման ախտանշան են առաջացնում զարկերակային ճնշման կարգավորման համար նախատեսված դեղամիջոցները: Այս դեպքում հազը հաճախ չոր է լինում և սովորաբար էլ ավելի է խորանում գիշերը:
Թոքերի քաղցկեղ
Հազը կարող է պայմանավորված լինել նաև թոքերի քաղցկեղով: Այս դեպքում այն կարող է չանցնել շատ երկար ժամանակ և էլ ավելի վատանալ ժամանակի ընթացքում: Այս վիճակը կարող է ուղեկցվել կրծքավանդակի ցավով, հազալիս արյան առկայությամբ, հոգնածությամբ ու թուլությամբ:
Ասթմա
Ասթման բնորոշվում է շնչառական ուղիների այտուցվածությամբ: Այս հիվանդության վաղ ախտանշանն է հազը, որն ուղեկցվում է սուլոցով ու էլ ավելի է խորանում գիշերը: Բացի այդ, ասթմայի մասին կարող են վկայել նաև հևոցն ու քնի խանգարումները:
Վիրուսներ
Եթե հազը պայմանավորված է վիրուսներով, ապա այն բավական երկարատև է և պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո: Նման հազի դեմ կարելի է պայքարել հատուկ օշարակների միջոցով:
Նյութի աղբյուրը՝ med2.ru