Լազերի կիրառությունը շնչառության խանգարումների պարագայում
Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանի հետ
-Բժիշկ Ամիրբեկյան, ժամանակակից տեխնոլոգիաները ներթափանցում են պլաստիկ վիրաբուժության՝ որպես առաջադեմ ու անընդհատ զարգացող ոլորտ: Որո՞նք են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են այսօր, օրինակ ռինոպլաստիկայում:
-Եթե խոսում ենք էսթետիկ արդյունքների մասին, բազմաթիվ տեխնիկաներ կան: Օրինակ՝ երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ կողաճառ վերցնելու նպատակով կիրառում են էնդոսկոպիկ մեթոդը: Սա բավական բարդ պրոցես է, կարելի է ասել ևս մի վիրահատական միջամտություն: Այնուհետև՝ վերցված կողաճառը համապատասխան սեգմենտի բաժանել, կառուցել կառկասը՝ կմախքը, կարել, և այլ տեխնիկական հարցեր:
Ինչ վերաբերում է քթի ֆունկցիան վերականգնելուն, ժամանակակից մեթոդ է լազերային եղանակը, երբ կիրառում ենք լազերը քթի խեցիների չափը փոքրացնելու համար:
-Ո՞ր դեպքերում է այն կիրառվում:
-Եթե հիվանդը դիմում է շնչառական խնդրով, պետք է հետազոտվի, հասկանանք միայն խեցիների խնդիր ունի, թե միջնապատի ծռվածություն ևս առկա է: Եթե ինչ-ինչ պատճառով՝ ալերգիկ ռենիտի կամ նախկինում տարած գրիպոզ բարդությունների հետևանքով ունենք միայն խեցիների մեծացում, ապա այս դեպքում լազերային եղանակով տեղային անզգայացմամբ հեշտությամբ խեցու չափը փոքրացվում է: Դեպքերի մեծամասնությունում քթի տամպոնադայի կարիք չի առաջանում, և վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը շատ հանգիստ կարող է տուն գնալ:
-Կա՞ն այլ ցուցումներ ևս:
-Նույնիսկ երբ առկա է միջնապատի թույլ արտահայտված թեքվածություն, աճառային կուզ, կարելի է լազերային եղանակով այդ կուզը այրել՝ կարգավորելով խնդիրը, բայց եթե կա միջնապատի լուրջ դեֆորմացիա, այս դեպքում դիմում ենք վիրահատության՝ սեպտոպլաստիկայի, որի ժամանակ կատարում ենք նաև խեցիների հետ կապված միջամտությունը:
-Ինչպե՞ս կբնութագրեք մեթոդը:
— Սա ալտերնատիվ մեթոդ է, որը կիրառելի է բացառապես խեցիների խնդիր ունեցող մարդկանց պարագայում:
-Որո՞նք են միջամտության բնորոշումներն ու առանձնահատկությունները:
-Լազերն ունի այրող էֆեկտ, խեցու վրա միանգամից տեղային ազդում ենք: Ամենակարևորը, որ տեղային անզգայացմամբ է կատարվում: Եվ, քանի որ լազերն անմիջապես և ջերմային ուժով է ազդում, արնահոսությունների քանակը քիչ է: Բնականաբար, նշանակություն ունի նաև խեցիների մեծացածության աստիճանը: Նշեմ նաև, որ, այնուամենայնիվ, եթե խեցին շատ մեծացած չէ, հետևաբար շնչառության խանգարումը շատ արտահայտված չէ, դեղորայքային բուժման միջոցով ևս հնարավոր է փոքրացնել դրանց չափը և լազերային շտկման դիմել այն դեպքում, երբ խեցիները մեծացումն արտահայտված է և դրանք խանգարում են նորմալ շնչառությանը:
Նյութի աղբյուրը՝ healthmag.am