Saturday, April 27, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Լազերի կիրառությունը շնչառության խանգարումների պարագայում

Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանի հետ

-Բժիշկ Ամիրբեկյան, ժամանակակից տեխնոլոգիաները ներթափանցում են պլաստիկ վիրաբուժության՝ որպես առաջադեմ ու անընդհատ զարգացող ոլորտ: Որո՞նք են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են այսօր, օրինակ ռինոպլաստիկայում:

-Եթե խոսում ենք էսթետիկ արդյունքների մասին, բազմաթիվ տեխնիկաներ կան:  Օրինակ՝ երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ կողաճառ վերցնելու նպատակով կիրառում են էնդոսկոպիկ մեթոդը: Սա բավական բարդ  պրոցես է, կարելի է ասել ևս  մի վիրահատական միջամտություն: Այնուհետև՝ վերցված կողաճառը համապատասխան սեգմենտի բաժանել, կառուցել կառկասը՝ կմախքը, կարել, և այլ տեխնիկական հարցեր:

Ինչ վերաբերում է քթի ֆունկցիան վերականգնելուն, ժամանակակից մեթոդ է լազերային եղանակը,  երբ կիրառում ենք լազերը քթի խեցիների չափը փոքրացնելու համար:

-Ո՞ր դեպքերում է այն կիրառվում:

-Եթե հիվանդը դիմում է շնչառական խնդրով, պետք է հետազոտվի, հասկանանք միայն խեցիների  խնդիր ունի, թե միջնապատի ծռվածություն ևս առկա է: Եթե ինչ-ինչ պատճառով՝ ալերգիկ ռենիտի կամ նախկինում տարած գրիպոզ բարդությունների հետևանքով ունենք միայն խեցիների մեծացում, ապա այս  դեպքում լազերային եղանակով տեղային անզգայացմամբ հեշտությամբ խեցու չափը փոքրացվում է:  Դեպքերի մեծամասնությունում քթի տամպոնադայի կարիք չի առաջանում, և վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը շատ հանգիստ կարող է տուն գնալ:

-Կա՞ն այլ ցուցումներ ևս:

-Նույնիսկ երբ առկա է միջնապատի թույլ արտահայտված թեքվածություն, աճառային կուզ, կարելի է լազերային եղանակով այդ կուզը այրել՝ կարգավորելով խնդիրը, բայց եթե կա միջնապատի լուրջ դեֆորմացիա, այս դեպքում դիմում ենք վիրահատության՝ սեպտոպլաստիկայի, որի ժամանակ կատարում ենք նաև խեցիների հետ կապված միջամտությունը:

-Ինչպե՞ս կբնութագրեք մեթոդը:

— Սա ալտերնատիվ մեթոդ է, որը կիրառելի է բացառապես խեցիների խնդիր ունեցող մարդկանց պարագայում:

-Որո՞նք են միջամտության բնորոշումներն ու առանձնահատկությունները:

-Լազերն ունի այրող էֆեկտ, խեցու վրա միանգամից տեղային  ազդում ենք: Ամենակարևորը, որ տեղային անզգայացմամբ է կատարվում: Եվ, քանի որ լազերն անմիջապես և ջերմային ուժով է ազդում, արնահոսությունների քանակը քիչ է: Բնականաբար, նշանակություն ունի նաև  խեցիների մեծացածության աստիճանը: Նշեմ նաև, որ, այնուամենայնիվ, եթե խեցին շատ մեծացած չէ, հետևաբար շնչառության խանգարումը շատ արտահայտված չէ, դեղորայքային բուժման միջոցով ևս հնարավոր է փոքրացնել դրանց չափը և լազերային շտկման  դիմել այն դեպքում, երբ խեցիները մեծացումն արտահայտված է և դրանք խանգարում են նորմալ շնչառությանը:

Նյութի աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook