Տուբերկուլոզը ամենևին էլ խարան չէ, և այն կարելի է բուժել, եթե ժամանակին ճիշտ ախտորոշվի. Տուբերկուլոզ վերապրած անձ
Տուբերկուլոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկ վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են՝ քրոնիկ հազը (արյան հետքերով), կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, շնչահեղձություններ, ջերմություն, ուժեղ քրտնարտադրություն՝ հատկապես գիշերները և մարմնի քաշի նվազում։ Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:
Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն ներառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց քննարկում՝ նվիրված ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի և ոլորտային խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էր նաև ՏԲ վերապրած անձ , ով փաստեց, որ ՏԲ կարելի է բուժել։ Մասնագետները նույնպես փաստում են, որ այս հիվանդությունը ամենևին էլ խարան չէ, և այն կարելի է բուժել, եթե ժամանակին ճիշտ ախտորոշվի:
aroxjblog.am հարցերին պատասխանեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հկ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը`
–Տիկի՛ն Հարությունյան, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի տնային պայմաններում բուժվող հիվանդները չվարակեն ընտանիքի անդամներին:
-ՏԲ-ով հիվանդը, երբ արդեն իսկ դուրս է գրվում հիվանդանոցից և անցնում է ամբուլատոր բուժման (ամենօրյա դեղերի ընդունումը իրականացնում է տարածքային պոլիկլինիկա այցով) չի կարող վտանգել իր շրջապատի առողջությանը։ Նա բացիլակիր չէ և ըստ այդմ վարակի աղբյուր հանդիսանալ չի կարող։ Խորհուրդ է տրվում մի քանի անգամ օդափոխել բնակարանը կամ տունը, ինչպես նաև լավ սնվել:
–Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հիվանդները չխուսափեն բուժումից և չհամարեն իրենց պոպուլացիայի կոմից մերժված:
-Ճանապարհը իրազեկումն է, անցյալ դարից եկած վախերի վերանայումը, հիվանդների կողքին լինելը և աջակցելը, որպեսզի նրանք բուժումը հասցնեն ավարտին։ Անհրաժեշտ է շատ խոսել մարդկանց մասին, ովքեր արդեն իսկ հաղթահարել են, ինչն էլ կբերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ինչքանո՞վ են արդյունավետ այդ դեղամիջոցները:
Բուժման ուղեցույցները թարմացվում են՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների: Ներկայումս Հայաստանը միջազգային դոնորների շնորհիվ ապահովում է տուբերկուլոզի արդյունավետ հակազդումը՝ այդ թվում դեղակայուն տուբերկուլոզի:
Ի՞նչ դժվարությունների են հանդիպում տուբերկուլոզով հիվանդ մարդիկ բուժման ընթացքում, ստանում են արդյո՞ք սոցիալական օգնություն որպես պացիենտ, որքա՞ն ժամանակ է տևում բուժումը այս և այլ հարցերին պատասխանում է տուբերկուլոզ վերապրած մարդը։
–Ստանում էիք արդյո՞ք սոցիալական օգնություն որպես պացիենտ և արդյո՞ք այն բավարար էր Ձեզ:
-Նախկինում ստացել եմ սնունդ, այնուհետև օգտվել եմ քարտային համակարգից՝ յուրաքանչյուր ամիս 16000 դրամ։ Իհարկե, չի բավարարում։ Հարմար է կիրառել քարտերը, սակայն պետք է նշեմ, որ դեղորայքի ընդունման պարտաճանաչության պահպանման դեպքում միայն կարող ես օգտվել քարտային համակարգի գումարից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սոցիալական նպաստի չափը միայն խրախուսական չպետք է լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժման ընթացքում դեղերի ազդեցության տակ թույլ ես լինում և կարելի է ասել անաշխատունակ, գոնե նվազագույն չափով հնարավորություն լինի հոգալ ընտանիքի կարիքները:
–Ձեր դեպքում որքա՞ն ժամանակ է տևել բուժումը ու ինչպե՞ս եք զգացել այդ հատուկ դեղորայքից:
Բուժումս տևել է երկու տարի, սակայն, եթե ժամանակին հետևեի առողջությանս և կարող էր և ավելի կարճ լիներ բուժման կուրսը՝ կապված տուբերկուլոզի ձևից:
Բուժման ընթացքում ինձ մոտ դեղերից առաջացան կողմնակի ազդեցություններ՝ մաշկի գույնի փոփոխություն, երիկամների և լյարդի խնդիրներ, սրտխառնոց, գլխապտույտ, թմրածություն, անքնություն: Այդ ամենը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի դադարեցնես դեղերի ընդունումը: Ուզում եմ նաև այստեղ շեշտել, որ տուբերկուլոզի բուժմանը զուգահեռ կատարվում են նաև կողմնակի ազդեցությունների բուժում:
Այժմ հաղթահարել եմ բուժման հետ կապված խնդիրները, իհարկե ընթացքում թուլություն կար, բայց ամեն ինչ հաղթահարելի է։
–Բուժման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպում, որոնք երբեմն անլուծելի են թվում։
-Ինձ թվում էր այդքան ուժ չեմ գտնի, որ հաղթահարեմ բուժման ընթացքը։ Ամեն օր ընդունել մեծ քանակությամբ դեղորայք, ունենալ վատ զգացողություն։ Ունեի նաև վախեր, որ ընտանիքիս անդամներին կվարակեմ և իմ պատճառով նրանք կխարանվեն։
-Եվ վերջում, որպես տուբերկուլոզ վերապրած անձ, ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, որոնց մոտ նոր–նոր է հայտնաբերվել այդ հիվանդությունը, ինչպե՞ս պայքարել հիվանդության դեմ:
-Չհանձնվեք։ Դժվար ընթացք է սկսվելու, բայց հավատն ու հետևողականությունն անպակաս պետք է լինեն Ձեզանից։