Saturday, April 27, 2024
Նորություններ

Պաշտպանիչ դիմակների երկարատև կրումը չի վնասում մարդու առողջությունը

Մամուլում և սոցիալական մեդիայում քննարկվում է պաշտպանիչ դիմակների ազդեցությունը շնչառական օրգանների վրա։ Շրջանառվում են «տեղեկություններ», թե դիմակները կարող են վնասակար լինել մարդու առողջության համար՝ առաջացնելով թթվածնի պակաս, վնասելով թոքերը և հանգեցնելով այլ հետևանքների։

Սակայն այս հրապարակումների մեծ մասը կա՛մ ամբողջական չեն, կա՛մ ուռճացված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը։  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս դրանք որպես «միֆ» է որակել։ «Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չի խոսքը․ աստմատիկ քաղաքացիներ և այլն, բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում, որովհետև թթվածինը միևնույն է անցնում է թոքեր և հետո արտաշնչվում է»,- նշել է Թորոսյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գիտական աղբյուրները՝ պարզելու, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դիմակները մարդու օրգանիզմի վրա:

Պնդումների հիմնական թեզերը

Մի շարք երկրներում բժշկական դիմակների օգտագործումը պարտադիր դարձնելու որոշումներից հետո սկսվեցին տարատեսակ քննարկումներ՝ նախ դիմակների արդյունավետության, ապա մարդու օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցության մասին։ «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը՝ դիմակների արդյունավետ լինել-չլինելուն, կարող եք կարդալ այստեղ։

Ինչ վերաբերում է մարդու առողջության վրա բացասական ազդեցությանը, ապա հիմնականում պնդում են, թե դիմակները մարդու օրգանիզմում թթվածնային քաղց են առաջացնում, երկար ժամանակ դիմակ կրելը կարող է հիպերկապնիա առաջացնել և այլն։ Առավել դավադրապաշտական հրապարակումներում ասվում է նաև, թե դիմակները մարդկանց շնչահեղձ կարող են անել։

Անդրադառնանք նշված հնարավոր խնդիրներին։ Այսպես, թթվածնային քաղց առաջանում է, երբ զգալիորեն նվազում է թթվածնի մուտքը հյուսվածքներ։ Նման վիճակ կարող է առաջանալ, օրինակ, ծանր ֆիզիկական աշխատանքի կամ ակտիվ մարզումների պարագայում։ Թթվածնային քաղցը հնարավոր է նաև առողջական կոնկրետ խնդիրների ժամանակ։ Մյուս դեպքը՝ հիպերկապնիան, առաջանում է, երբ ներշնչվող օդում ածխաթթու գազի մեծ քանակություն կա։ Սա առաջացնում է զարկերակային և ածխաթթու գազի պարցիալ բարձր ճնշում։

Մինչ դիմակների ազդեցությանը մանրամասնորեն անդրադառնալը, նշենք, որ մինչ օրս որևէ ապացույց չկա, որ դիմակներն այսպիսի խնդիրներ առաջացրած լինեն։

Դիմակների տեսակներից կախված՝ տարբեր է ազդեցության չափը

Բժշկական, ռեսպիրատոր և ոչ բժշկական կամ տան պայմաններում պատրաստված դիմակների արդյունավետությունը տարբեր է։ Տարածված և զանգվածային օգտագործման դիմակները թթվածնային քաղց չեն առաջացնում։ Այսպես, կտորե կամ տան պայմաններում պատրաստված դիմակները չոր նյութից չեն, չեն սեղմում դեմքը, իսկ արտաշնչած օդը տարածվելու հնարավորություն ունի, բացի դա՝ արտաքին միջավայրից թթվածին է անցնում դիմակի եզրերից։  Սա գրեթե նվազագույնի է հասցնում դիմակի պատճառով թթվածնի քաղցի առաջացման հավանականությունը։ Բժշկական դիմակների պարագայում ևս թթվածնային քաղցի առաջացման հավանականություն չկա։ Սրանք, ի տարբերություն կտորե դիմակների, առավել հերմետիկ են սեղմում դեմքը, սակայն ոչ այնքան, որ արգելակեն թթվածնի մուտքը։ Բացի այդ, ածխաթթու գազը, որն արտաշնչում է մարդը, բնական նյութ է և օդի բաղկացուցիչ մաս, իսկ մարդու առողջության համար այն վտանգավոր կարող է լինել միայն շատ բարձր կոնցենտրացիայի դեպքում։

Թերևս, դիմակների միակ տեսակը, որի երկարատև կրումը կարող է որոշակի հետևանքներ ունենալ, N95 ռեսպիրատոր դիմակներն են։ Երկար ժամանակ կրելու դեպքում սրանք կարող են բարձրացնել արյան բաղադրությունում ածխաթթու գազի մակարդակը։ Դեռ 2010-ին H1N1 վիրուսի վերաբերյալ Քեմբրիջի համալսարանի կատարած ուսումնասիրության համաձայն՝ դիմակ կրելու դեպքում վարակվելու հավանականությունը մի քանի անգամ ցածր է եղել անկախ դրա տեսակից։ Թե՛ այդ և թե՛ կորոնավիրուսի պարագայում N95 ռեսպիրատոր դիմակներ խորհուրդ է տրվում միայն բուժաշխատողներին։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները ևս խորհուրդ չեն տալիս կրել այս դիմակները՝ առանց երկար ժամանակ դեմքից հեռացնելու, իսկ հանրային  վայրերում առանց անհրաժեշտության այս դիմակները կրելու կարիք չկա։

Ածխաթթու գազի ի՞նչ քանակն է վտանգավոր մարդու համար

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետներն ասում են, որ ածխաթթու գազը դիմակում կուտակվում է ժամանակի ընթացքում։ Մարդու շնչած օդում այս գազի կոնցենտրացիան 0,04 տոկոս է, մինչդեռ առողջության ու կյանքի համար այն կարող է վտանգավոր դառնալ 10 տոկոսից ավելի լինելու պարագայում։ Որոշակի ժամանակ պաշտպանիչ դիմակներ կրելուց հետո հնարավոր են գլխացավեր, անհարմարության զգացում, բայց, մասնագետների կարծիքով, մարդու օրգանիզմում դրա պատճառով հիպերկապնիա չի առաջանա։

Բացի այդ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները դիմակ խորհուրդ չեն տալիս կրել մինչև 2 տարեկան երեխաներին, իսկ Հայաստանում դիմակները պարտադիր են 6 տարեկանից բարձր երեխաների համար միայն։ Դիմակ կրելուց պետք է խուսափեն նաև առողջական և հատկապես շնչառական խնդիրներ ունեցող անձիք։ Արսեն Թորոսյանը, այս թեմային անդրադառնալով, նշել էր, որ նրանք պետք է հսկողության տակ լինեն՝ այլոց առողջությունը վտանգի տակ չդնելու համար։

Ամփոփելով՝ նշենք, որ դիմակների՝ առողջության վրա բացասական ազդեցության մասին պնդումներն ուռճացված են և չունեն գիտական հիմնավորում։ Սակայն անհրաժեշտ է ճիշտ կրել դիմակները՝ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար։

Անի Ավետիսյան

Նյութը՝ fip.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook