Ինչու՞ են երեխաները հրաժարվում սննդից. ի՞նչ անել
Մայրիկներին անհագստացնղ հարցերից մեկը երեխաների քչակերությունն է: Դրա համար էլ հաճախ նրանք ստիպված են լինում այլ միջոցների դիմել, օրինակ՝ ստիպել երեխային ինչ-որ բան ուտել: Սակայն եկեք հասկանանք՝ պե՞տք է երեխային ստիպել ուտել, ի՞նչ կարող է անել մայրիկն այս դեպքում: Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժներ Էմմա Մելիքյանի և Գոհար Քյարունցի հետ:
Մասնագետները համակարծիք են, որ երեխայի ախորժակի անկումը կարող է պայմանավորված լինել վատ ինքնազգացողությամբ, ինչպես նաև ատամները ծկթելու հանգամանքով, սթրեսով, անկանոն կերակրումով, նաև բերանի օրգանական խնդիրներով:
Էմմա Մելիքյանի խոսքով՝ չուտելու պատճառ կարող է լինել նաև այն հանգամանքը, որ երեխային խնամում է մեկից ավելի մարդ:
Գոհար Քյարունցը չուտելը կապում է անկանոն կերակրման հետ, այսինքն՝ երբ ոչ ժամանակին և ոչ ճիշտ հավելյալ սնունդ է ներմուծվում երեխայի սննդակարգ: Բացի այդ, քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը ևս կարող է պատճառ դառնալ, որ երեխան այլ մթերքներով չսնվի: Չուտելու ցանկությունը, նրա խոսքով, մեկ այլ պատճառ ևս ունի. երբ մենք երեխային գդալով տալիս ենք որևէ դեղորայք, որը նրան դուր չի գալիս, նրա մոտ հետագայում գդալով կերակրումը ասոցացվում է տհաճ համի հետ:
Այնուամենայնիվ, մանկաբույժը նշում է, որ կան նաև երեխաներ, ովքեր պարզապես առողջ և ակտիվ քչակերիկներ են և պետք չէ շատ անհանգստանալ:
Ի՞նչ անել
Խնդրի լուծման հարցում մանկաբույժները տարբեր լուծումներ են առաջարկում: Սակայն բժշկի դիմելու հարցում երկուսն էլ համամիտ են: Այդպիսով՝ կհամոզվեք, որ չկան հիվանդություններ:
Բժիշկ Մելիքյանի խոսքով՝ պետք է համոզել երեխային ուտել, առաջարկել սնունդը քիչ չափաբաժնով, ուտելու ժամանակ մեղմ խոսել՝ գովել երեխային, երբ նա կուտի ինչ-որ բան, թեկուզ՝ քիչ: Մանկաբույժը նշում է, որ չի կարելի տալ տարիքին ոչ հապատասխան սնունդ, քանի որ յուրաքանչյուր տարիք ունի իր ռեժիմն ու չափաքանակը:
Գոհար Քյարունցն էլ իր հերթին առաջարկում է երկու տարեկանից մեծ երեխային ներգրավել սնունդ պատրաստելու գործընթացին, նրան կերակրել հաճախակի և քիչ բաժիններով: Իսկ եթե փոքրիկը հրաժարվում է գդալով հավելյալ սնունդ ընդունելուց, նրան կերակրել BLW մեթոդով, այսինքն՝ երբ երեխան ուտում է առանց գդալի կամ պատառաքաղի՝ ձեռքով վերցնելով իր սեղանիկին դրված մթերքները:
Մասնագետների խոսքով՝ տաք եղանակին պետք է խուսափել կաթից, դժվարամարս և թթվող սննդից, կերակրել քիչ ու հաճախ: Եվ պետք է հիշել՝ հատկապես շոգ եղանակին շատ կարևոր է մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը, սնունդը պետք է լինի դյուրամարս, քիչ յուղայնությամբ: Հարկավոր է սահմանափակել ճարպի և սպիտակուցի ընդունումը՝ սննդակարգում ավելացնելով միրգն ու բանջարեղենը:
Նյութը` impoqrik.am