Ռետինոպաթիա
Ռետինոպաթիա, աչքի ցանցաթաղանթի ցանկացած վնասում, որը կարող է հանգեցնել տեսողության խանգարման: Ռետինոպաթիան դասվում է ցանցաթաղանթի անոթային հիվանդությունների շարքին կամ իրենից ներկայացնում է ցանցաթաղանթի վնասում՝ պայմանավորված անկանոն արյունահոսքով: Դեղին բծի
տարիքային դեգեներացիան ներառված է «ռետինոպաթիա» ընդհանուր տերմինի մեջ, սակայն հիմնականում քննարկվում է որպես առանձին հիվանդություն: Ռետինոպաթիան կամ ցանցենու անոթային հիվանդությունը բաժանվում է երկու հիմնական տեսակի՝ պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ: Հաճախ ռետինոպաթիան հանդիպում է որպես համակարգային հիվանդության ակնային դրսևորում, օրինակ՝ շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման դեպքում: ԱՄՆ-ում, սկսած 2008թ.-ից, շաքարային դիաբետը համարվում է ռետինոպաթիայի առաջացման ամենատարածված պատճառը: Դիաբետիկ ռետինոպաթիան հադիսանում է կուրության հիմնական պատճառը աշխատունակ տարիքում: Աշխարհում նրան բաժին է ընկնում կուրության շուրջ 5%-ը, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն այն անվանում է աչքի առաջնային հիվանդություն:
Սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Հիվանդներն ունենում են ախտանիշներ ուշ փուլերում, երբ վնասումն արդեն անդարձելի է:
Ախտանիշները սովորաբար ցավոտ չեն և կարող են ներառել.
- Արյունազեղում դեպի ապակենման մարմին
- Լողացող կամ փոքր առարկաներ, որոնք շարժվում են տեսադաշտում
- Տեսողության սրության իջեցում
- «Վարագույրն ընկնում է աչքերին»
Ռետինոպաթիան լինում է երկու հիմնական տեսակի՝ պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ: Տարբեր մեխանիզմների միջոցով՝ երկուսն էլ առաջացնում են հիվանդություն, փոխելով ցանցաթաղանթի նորմալ արյունահոսքը: Ցանցաթաղանթի արյունամատակարարումն իրականացվում է ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակից սկիզբ առնող մանր անոթների ճյուղերով: Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան առաջացնում է վնասում՝ պայմանավորված արյունատար անոթների անկանոն գերաճով: Նորմայում, անգիոգենեզն հյուսվածքների աճի և ձևավորման կարևոր մասն է կազմում: Երբ նկատվում է անգիոգենեզի արագ կամ անբնական բարձր մակարդակ, առաջանում է արյունատար անոթների գերաճ կամ նեովասկուլյարիզացիա: Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի դեպքում արյունատար անոթների ուղղակի վնասումն է բերում ցանցաթաղանթի անկանոն արյունահոսքի առաջացման: Ռետինոպաթիայի մի շարք պատճառներ կարող են բերել թե պրոլիֆերատիվ, թե ոչ պրոլիֆերատիվ տեսակների առաջացման, սակայն սովորաբար գերակշռում է մի տեսակի խանգարումը:
Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացումը հիմնականում պայմանավորված է ցանցաթաղանթի արյունամատակարարումն ապահովող մանր անոթների ուղղակի վնասմամբ կամ ռեմոդելավորմամբ: Հիվանդության այլ տարածված պատճառներից են՝ հիպերտոնիկ ռետինոպաթիան, անհասների ռետինոպաթիան, ճառագայթային ռետինոպաթիան, արևային ռետինոպաթիան, ինչպես նաև ռետինոպաթիան՝ պայմանավորված մանգաղաբջջային սակավարյունությամբ:
Գոյություն ունի ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացման երեք հիմնական մեխանիզմ՝ արյունատար անոթների վնասում կամ ռեմոդելավորում, ցանցաթաղանթի ուղղակի վնասում և արյունատար անոթների խցանում: Առաջին մեխանիզմի հիմքում ընկած է ցանցաթաղանթի արյունամատակարարմանը մասնակցող անոթների անուղղակի վնասումը: Օրինակ՝ զարկերակային գերճնշումը հանգեցնում է զարկերակի պատի հաստացման, որը զգալիորեն քչացնում է ցանցաթաղանթ մատակարարվող արյան քանակը: Արյունահոսքի քչացումը բերում է հյուսվածքային իշեմիայի, որն էլ հետագա վնասման:
Ցանցաթաղանթի արյունամատակարարումը փոքրանում է նաև աթերոսկլերոզի կամ անոթների պնդացման և նեղացման հետևանքով: Երկրորդ մեխանիզմը ցանցաթաղանթի ուղղակի վնասումն է, որը սովորաբար պայմանավորված է ազատ ռադիկալային ռեակցիաներով, որոնք առաջացնում են բուն ցանցաթաղանթի օքսիդացիոն վնասում: Ճառագայթային, արևային ռետինոպաթիան և անհասների ռետինոպաթիան նույնպես առաջանում են երկրորդ մեխանիզմով: Երրորդ, տարածված մեխանիզմն արյունահոսքի խցանումն է:
Այն կարող է պայմանավորված լինել կամ ցանցաթաղանթի անոթային ճյուղերի մեխանիկական արգելքով, կամ զարկերակների նեղացմամբ: Կրկին վերջնական արդյունքը ցանցաթաղանթի արյունահոսքի փոքրացումն է, որը բերում է հյուսվածքների վնասման: Մանգաղաբջջային սակավարյունության դեպքում խանգարվում է արյունահոսքը, քանի որ այն բերում է արյան սլաջի կամ թանձրացման, որն էլ քչացնում է արյունահոսքը ցանցաթաղանթային զարկերակներով: Այլ խանգարումներ, որոնք առաջացնում են գերմածուցիկության համախտանիշ, նույնպես կարող են առաջացնել արյան սլաջ: Ի վերջո, մակարդուկները կամ ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի թրոմբոզն ուղղակի խցանում են ցանցաթաղանթի արյունահոսքը՝ բերելով բջիջների մահվան:
Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան առաջանում է ցանցաթաղանթի նորմալ արյունահոսքի փոփոխման պատճառով, որը պայմանավորած է արյունատար անոթների գերաճով կամ նեովասկուլյարիզացիայով:
Ախտաբանորեն գերաճած արյունատար անոթները հաճախ փխրուն են, թույլ և ոչ էֆֆեկտիվ ցանցաթաղանթի հյուսվածքների պերֆուզիայի համար: Այս թույլ, փխրուն անոթները հաճախ պատռվում են, որը նպաստում է հեղուկի, սպիտակուցների և այլ նյութերի լցմանը ցանցաթաղանթ:
Քանի որ անոթների պատը թույլ է, հաճախակի են արյունահոսությունները: Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան ավելի ռիսկային տեսակ է, քանի որ անոթային արյունազեղումները հաճախ են հանգեցնում տեսողության կորստի և կուրության: Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիային նպաստող որոշ պատճառներ կարող են առաջացնել նաև պրոլիֆերատիվ ռետինոպաթիա, սակայն ավելի ուշ փուլերում: Անգիոգենեզն ու նեովասկուլյարիզացիան ունեն հակում արտահայտվելու ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի ուշ փուլերում:
Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի բազմաթիվ տեսակներ հանգեցնում են հյուսվածքային իշեմիայի կամ ցանցաթաղանթի ուղղակի վնասման: Ի պատասխան, օրգանիզմը փորձում է շատացնել արյունահոսքը դեպի ցանցաթաղանթի վնասված հյուսվածքներ: Շաքարային դիաբետը, որն առաջացնում է դիաբետիկ ռետինոպաթիա, համարվում է պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացման ամենատարածված պատճառն աշխարհում:
Ռետինոպաթիան ախտորոշվում է ակնաբույժի կամ օպտոմետրիստի կողմից՝ աչքի զննման ընթացքում: Ախտորոշում դնելու համար բժիշկը պետք է զննի ակնահատակը՝ ցանցաթաղանթը տեսնելու նպատակով: Կան ցանցաթաղանթի զննման մի քանի եղանակներ: Բժիշկը կարող է տեսնել ցանցաթաղանթը՝ լույսի ներքո բիբը դիտելով: Հիմնականում բժիշկը լայնացնում է բիբը՝ ավելի տեսանելի պատկեր ստանալու համար: Ռետինոպաթիայի ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում ակնահատակի ստերեոսկոպիկ լուսանկարահանումը:
Ռետինոպաթիան հիմնականում երկրորդային ախտահարում է, քանի որ այն հանդիսանում է շաքարային դիաբետի կամ զարկերակային գերճնշման հետևանք: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և զարկերակային արյան ճնշման վերահսկումն օգնում է պակասեցնել ռետինոպաթիայի դեպքերը:
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկում. եթե որևէ մեկի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ կամ կա դիաբետի առաջացման բարձր ռիսկ, ապա պարտադիր է գլյուկոզայի մակարդակի որոշումն արյան մեջ: Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում A1C թեսթը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ A1C-ի մակարադակի իջեցումը կարող է փոքրացնել ռետինոպաթիայի դեպքերի հանդիպման հաճախականությունն ու դանդաղեցնել հիվանդության պրոգրեսիան: Բարեբախտաբար, գլյուկոզայի մակարդակի վերահսկումն օգտակար է ոչ միայն աչքի համար: Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար:
Զարկերակային արյան ճնշման վերահսկում. այն նույնպես նպաստում է ռետինոպաթիայի հանդիպման քչացմանն ու պրոգրեսիայի դանդաղեցմանը: Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ զարկերակային արյան ճնշման մակարդակի վերահսկման համար:
Այլ եղանակներ. բացի արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու զարկերակային արյան ճնշումը կարգավորելուց, կան նաև կանխարգելման այլ եղանակներ: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել ռետինոպաթիայի պրոգրեսիան: Եթե հիվանդ ունի քնի ապնոէ, ապա ապնոէի բուժումը կարող է կանխարգելել ռետինոպաթիայի առաջացումը:
Կախված առաջացման պատճառից՝ առաջարկված է ռետինոպաթիայի բուժման մի քանի տարբերակ, որոնցից է ցանցաթաղանթի լազերային բուժումը: Լազերային ֆոտոկոագուլյացիոն թերապիան համարվում է մի շարք ռետինոպաթիաների բուժման ոսկե ստանդարտ:
Աղբյուրը՝ hy.wikipedia.org