Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում
Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական միջամտությունները՝ ավելի փոքրածավալ և արդյունավետ լինում։ Այդ պատճառով կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար սովորել և կանոնավոր իրականացնել կրծքագեղձի ինքնազննում։
Ինքնազննման շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել կրծքագեղձի նորմայից տարբերվող փոփոխություններն ու խորհրդակցել բժշկի հետ։
Ե՞րբ իրականացնել ինքնազննումը
- Դաշտանային ցիկլ ունեցող կանայք պետք է ինքնազննում կատարեն ամեն ամիս՝ դաշտանի ավարտից 2–3 օր անց։
- Դաշտանադադար ունեցող կանայք կարող են ընտրել ամսվա որևէ կոնկրետ օր (օրինակ՝ յուրաքանչյուր ամսվա առաջինը, երրորդը կամ հինգերորդը) և պահպանել պարբերականությունը։
Ինքնազննման տեխնիկան
Կրծքագեղձի ինքնազննումը բաղկացած է մի քանի հաջորդական գործողություններից․
1․ Տեսողական զննում
Կանգնեք հայելու առջև և ուշադիր զննեք կուրծքը՝
- ձեռքերն իջեցրած վիճակում,
- ապա ձեռքերն բարձրացնելով վեր,
- այնուհետև դնելով գոտկատեղին։
2․ Շոշափում կանգնած դիրքում
- Ձեռքի ափի կողմով՝ մատները միասին ու ուղիղ պահած, թեթևակիորեն սեղմեք կուրծքը։
- Շրջանաձև շարժումներով դանդաղ շարժեք մատները՝ սկսելով կրծքագեղձի արտաքին մասերից դեպի կենտրոն։
- Պատկերացրեք կուրծքը որպես ժամատախտակ․ զննեք հերթականությամբ՝ 12-ից սկսած մինչև ամբողջ հյուսվածքը, ներառյալ պտուկի շրջանը։
- Սեղմեք պտուկը և ստուգեք՝ կա արդյոք արտադրություն։
3․ Շոշափում պառկած վիճակում
- Պառկեք հարթ մակերևույթի վրա։
- Զննելու համար աջ կուրծքը՝ ծալված սրբիչ դրեք աջ ուսի տակ, ձախ ձեռքը դրեք գլխի տակ և աջ ձեռքով զննեք կուրծքը և անութափոսը։
- Նույնը կատարեք ձախ կողմի համար։
4․ Զննում լոգանքի ժամանակ
Լոգանքի ընթացքում, երբ մաշկը թաց է և սահուն, հեշտ է իրականացնել մանրակրկիտ շոշափում․
- Օճառաջրով սահուն մատների շրջանաձև շարժումներով զննեք կուրծքը և թևատակի հատվածը։
- Սա թույլ է տալիս ավելի արագ նկատել գոյացություններ կամ պնդացումներ։
5․ Անութափոսի զննում
- Շոշափեք թևատակերը՝ ստուգելով ավշային հանգույցների վիճակը։
- Ուշադրություն դարձրեք այտուցների կամ պնդացումների առկայությանը։
💡 Հիշե՛ք․ աջ կուրծքը և անութափոսը պետք է զննվի ձախ ձեռքով, իսկ ձախը՝ աջ ձեռքով։
Կրծքագեղձի նորմալ փոփոխությունները
Որոշ փոփոխություններ կարող են բնական լինել և պայմանավորված են օրգանիզմի վիճակով․
- Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ կամ դառնալ զգայուն։
- Հղիության ընթացքում այն մեծանում և պնդանում է։
- Տարիքի հետ կրծքում գերակշռում է ճարպային հյուսվածքը։
- Մարմնի քաշի ավելացումը կամ նվազումը կարող է փոխել կրծքերի չափերը։
Կրծքագեղձի արտասովոր փոփոխությունները և քաղցկեղի ազդանշանները
Եթե ինքնազննման ընթացքում նկատեք հետևյալ նշանները, անհրաժեշտ է դիմել բժշկի․
- Կրծքի չափի կամ ձևի փոփոխություն
- Պտուկի շրջանում կարմրություն և/կամ ցան
- Պտուկից արտադրություն
- Փքվածություն անրակների և թևատակերի շրջանում
- Կրծքում շոշափելի գունդ/գոյացություն
- Կրծքի մաշկային փոփոխություններ (կնճռոտում՝ մաշկը կարող է նմանվել նարնջի կեղևի)
- Պտուկի ներքաշված լինելը, ինչպես նաև ձևի կամ տեղակայվածության փոփոխությունը
- Ցավի զգացողություն կրծքում և/կամ թևատակերում
Կրծքագեղձի ինքնազննումը յուրաքանչյուր կնոջ առողջության պահպանման կարևոր քայլերից մեկն է։ Այն սովորելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե ամսական, սակայն դրա շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել փոփոխությունները և դիմել մասնագետի։
Հիշե՛ք՝ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր։ Ժամանակին հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ։