Լոգոպեդական խնդիրներ. երբ պետք է ծնողն անհանգստանա
Հայտնի է, որ խոսքը համարվում է երեխայի զարգացման գործընթացի հզոր գործոններից մեկը, որի շնորհիվ երեխան փորձում է շփվել, արտահայտում է մտքերը, ցանկությունները: Մտածողության զարգացումը նույնպես սերտ կապված է խոսքի զարգացման հետ, այսինքն` խոսքի զարգացման մակարդակից է կախված մարդու մտավոր զարգացումը, ինչպես նաև անձի հուզակամային որակների և բնավորության ձևավորումը:
Օրվա մեծ մասը երեխայի հետ անցկացնում եք Դուք: Դուք երեխային սովորեցնում եք ինքնասպասարկման հմտությունները (հագնվել, ճիշտ օգտվել սպասքից, պետքարանից և այլն), միասին խաղում եք, զբոսնում, այսինքն` ակտիվ շփման մեջ եք լինում: Երեխայի առօրյա-կենցաղային գործունեության մեջ, շփվելիս հասակակիցների և մեծերի հետ, ակնհայտ են դառնում խոսքի զարգացման մեջ առկա դժվարությունները, ինչը առաջին հերթին նկատվում եք Դուք, սիրելի՛ ծնող: Դուք պետք է անհանգստանաք և դիմեք լոգոպեդին, երբ.
1)երեխան 2,5-3 տարեկանում ակտիվ չէ խոսքային հաղորդակցման գործընթացում:
2)Երեխայի մոտ 3-4 տարեկանից նկատվում է աղքատ առօրյա-կենցաղային բառապաշար (երեխան չի կարողանում անվանել, խմբավորել, ընդհանրացնել առարկաները, գործողությունները):
3) 4 տարեկանում երեխայի մոտ նկատվում է բառի վանկային կառուցվածքի աղավաղում, կամ կապակցված ձևով չի կարողանում պատմել կատարված իրադարձությունները, փոքրիկ հեքիաթը, սյուժետային նկարը կամ խոսում է քերականական սխալներով (օր. ես գնում էինք զբոսնելու):
4) 4-5 տարեկանից սկսած դժվարանում է խոսքում հոմանիշների, հականիշների ընտրման գործընթացում (օր. մեծ-փոքր, երկար-կարճ, մաքուր-կեղտոտ և այլն):
5) 5 տարեկանից սկսած՝ առկա են հնչարտաբերման խանգարումներ (շ-ն փոխարինում է ս-ով` շոր-սոր, շուն-սուն, աղավաղում է, շփոթում է հնչյունը կամ տվյալ հնչյունը բացակայում է):
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի լոգոպեդ Տաթև Համբարյան