Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

8419

1988թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեկտեմբերի 1-ը  հայտարարել է ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության  համախտանիշի)  դեմ պայքարի  համաշխարհային օր , երբ ամբողջ մոլորակի  մարդիկ միավորում են  իրենց  ջանքերը  միասնական նպատակին հասնելու  համար, այն է ՄԻԱՎ-ի ( մարդու իմունային անբավարարության  վիրուսի)  դեմ պայքարի   բնագավառում   իրազեկվածության  մակարդակի բարձրացումը  և գլոբալ մակարդակով  նրանց հետ  համընդհանուր  համերաշխության  դրսևորումը, որվքեր ապրում են այդ վարակով:
2005թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավն անցկացվել է  «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը: Կատարե՛ք խոստումը» կարգախոսով:

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է  իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը , ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:  ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook