Ազատ շաքարների չափից շատ օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի և ճարպակալման
Ազատ շաքարների չափից շատ օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի և ճարպակալման, մեծացնելով դրա հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը:
Որո՞նք են ազատ շաքարները
● Արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքներին և ըմպելիքներին ավելացված շաքարներ:
● Մեղրում, օշարակներում, մրգահյութերում և մրգահյութի խտանյութերում առկա բնական շաքարներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝
Շաքարները տալիս են էներգիա (1 գ = 4 կկալ), սակայն համարվում են ոչ անհրաժեշտ սննդանյութեր
2 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդամթերք և ըմպելիքներ տրամադրելուց:
2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները, դեռահասները և մեծահասակները պետք է սահմանափակեն ազատ շաքարների օգտագործումը՝ օրական էներգիայի ընդունման 10%-ից պակաս (50 գրամ կամ շուրջ12 թեյի գդալ՝ օրական շուրջ 2000 կկալ օգտագործող և նորմալ մարմնի քաշ ունեցող անձի համար)։
Այսօր օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում, որոնք սովորաբար չեն ընկալվում որպես քաղցրավենիք։ Օրինակ՝ կետչուպի 1 ճաշի գդալը պարունակում է մոտ 4 գրամ (մոտ 1 թեյի գդալ) ազատ շաքարներ։ Շաքարով քաղցրացված գազավորված ըմպելիքի մեկ շիշը կարող է պարունակել 40 և ավելի գրամ (գրեթե 10 թեյի գդալ) ազատ շաքարներ։
Ինչպե՞ս նվազեցնել շաքարի օգտագործումը
● Սահմանափակեք բարձր շաքար պարունակող սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումը (օրինակ՝ քաղցրացված ըմպելիքներ, քաղցրավենիք):
● Քաղցր նախուտեստները փոխարինեք թարմ մրգերով և հում բանջարեղենով:
Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր։

