Tuesday, May 7, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա. մասնագետների դիտարկումները

Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա, եթե հիվանդությունը չի գտնվում սրացման փուլում:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը, ընդգծելով, որ հիվանդության սուր փուլում խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը: Մնացած բոլոր դեպքերում հակացուցումներ չկան:

«Բավական մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ասում են ունեն ալերգիկ այս կամ այն հիվանդությունը և դա պատվաստման հակացուցում է: Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ մենք ունենք ցուցումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող գործելակարգ: Ասեմ, որ որպես բացարձակ հակացուցում կարող է լինել միայն առաջին դեղաչափից առաջացած ալերգիկ ռեակցիան»,-ասաց Արմինե Հակոբյանը:

Մասնագետի խոսքով, իրենց դիմած բուժառուների մեծ մասը գնում և ստանում է իր պատվաստումը: Բարեբախտաբար չունեն սուր, ծանր ալերգիկ դրսևորումներ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Պատվաստվելուց առաջ հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն չկա: Արմինե Հակոբյանն ընդգծեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա, որ պատվաստումից առաջ նախապես ալերգոլոգիական հետազոտություն անցնեն: Ամեն դեպքում, բուժառուների շրջանում կան մարդիկ, որոնք վախենում են, խուսափում են և չեն համաձայնվում պատվաստման, քանի որ, ըստ մասնագետի, բավական շատ է խեղաթյուրված, ոչ ճշգրիտ ինֆորմացիան:

Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան  Իրիցյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին բուժօգնության առաջին օղակում չեն խրախուսում դա անել, եթե ունեն ալերգիկ խնդիրներ:

«Դժվարանում եմ ասել, թե ինչու է այդպես, որովհետև մի շարք միջոցառումներ են անցկացվել առաջին օղակի բժիշկների համար՝ հասկանալու, թե ինչպե՞ս տարբերակել, թե որ դեպքերում ինչի՞ց  զգուշանալ և այլն: Միգուցե դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Կարող եմ ասել, որ մեր բուժառուների շրջանում կան շատերը, որոնք պատվաստվել են ու ալերգոլոգիական բարդություններ չենք ունեցել: Տեղային կարմրածություն կամ նման դրսևորումներ հաճախ են լինում ու դրանք բացարձակ խոչընդոտ չեն»,-ասաց Սևան Իրիցյանը:

Պատվաստվելուց առաջ հավելյալ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա: Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում  7 մլրդ-ից ավելի մարդ գոնե առաջին դեղաչափ պատվաստվել է և հսկայական ինֆորմացիա է հավաքագրվում ռեակցիաների վերաբերյալ: Արմինե Հակոբյանի խոսքով՝ ալերգաբանական ռեակցիաները բավական քիչ են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook