Ատոպիկ դերմատիտ
Ատոպիկ դերմատիտը (Էկզեման) մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է քորով։
Այն կարող է սկսվել վաղ տարիքում՝ 3-6 ամսականում։
Հստակ պատճառը պարզ չէ։
Գենետիկ նախատրամադրվածությամբ երեխաների մոտ իմուն համակարգը սովորականից արտահայտված պատասխան է տալիս արտաքին ազդակներին, որի հետևանքով առաջանում է մաշկի բորբոքում։
Ատոպիկ դերմատիտը վարակիչ հիվանդություն չէ և ոչ էլ ալերգիայի տեսակ, սակայն կարող է ուղեկցել ալերգիկ հիվանդություններին, ինչպիսիք են ասթման, ալերգիկ ռինիտը և սննդային ալերգիան։
Ատոպիկ դերմատիտի հիմնական նշաններն են մաշկի՝
քորը
չորությունը
կարմրությունը
2-6 ամսական երեխաների շրջանում առավել բնորոշ է այտերի և ճակատի ախտահարումը։
Ինչպե՞ս ախտորոշել
Ատոպիկ դերմատիտը ախտորոշվում է հիվանդության պատմության և երեխայի զննման միջոցով։ Չկա որևէ հատուկ հետազոտություն, որի միջոցով բժիշկը ախտորոշում է ատոպիկ դերմատիտ։ Հետևաբար, շատ կարևոր է մանրամասն ներկայացնել բժշկին երեխայի հիվանդության պատմությունը։