«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:
Հերթական հրաշքի մասին 

Երեկ բարեհաջող իրականացվել է 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։
Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ, որի համար շատ շնորհակալ ենք։


Իհարկե, երեխային դեռ հետվիրահատական բարդ շրջան է սպասվում, սակայն լիահույս ենք, որ Տիգրանը ուժեղ կգտնվի և կհաղթահարի իր կյանքի գուցե ամենադժվար փորձությունը։
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին մեծ հոգատարության ու սրտացավության համար:

Հիշեցնենք, որ Տիգրանի հայրը արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից է:
Այս բացառիկ վիրահատությունը հնարավոր է դարձել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ, որն արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է:
