Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Յուրաքանչյուր խաղաղության մեջ կա պատերազմ. Միքայել Նազարենկո

ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-29-ը տեղի ունեցավ «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրված էր Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին։ Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն:

Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է: Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։

Ֆիլմը նաեւ ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

«Յուրաքանչյուր խաղաղության մեջ կա պատերազմ, իսկ պատերազմում՝ խաղաղություն: Ես նախ եւ առաջ զինվորական առաքելություն էի կատարում, որից հետո միայն մտածում լուսանկարելու մասին: Եթե ժամանակ ու հնարավորություն ունենայի, ապա կլուսանկարեի հարյուրավոր կադրեր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրն իր անցուդարձով եւ հույզերով: Այս ցուցահանդեսն ինձ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ լուսանկարներում մենք կարող ենք տեսնել զինվորի, զինծառայողի առօրյան, լարված վիճակում ներքուստ խաղաղություն պահելու ունակությունը: Այնտեղ կային նաեւ մարդիկ, որոնք գուցե նախկինում սովոր չեն եղել այդպիսի իրավիճակի, բայց ստիպված սովորեցին ու այնտեղ սկսեցին ապրել ու ապրեցնել, ապրել ու փորձել կատարել իրենց առաքելությունը», – ասում է Նազարենկոն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook