Wednesday, January 14, 2026
ՆորություններԳեղեցկություն և խնամք

“Խորը խոնավացումը” ճիշտ խնամքի համադրություն է, ոչ թե խորություն

Գիտական ու բժշկական իմաստով «խորը խոնավացում» հասկացությունը գոյություն չունի այնպես, ինչպես այն հաճախ ներկայացվում է կոսմետիկայում։ Դա ավելի շատ մարքեթինգային տերմին է, քան դերմատոլոգիական։

Մաշկի խոնավացման իրական թիրախը եղջերային շերտն է (stratum corneum)։
Ոչ մի քսուք, սերոմ կամ լոսյոն, որքան էլ «խորը» կոչվի, չի անցնում դեպի կենսունակ էպիդերմիս կամ դերմա։ Դա ֆիզիոլոգիապես անհնար է առանց ինվազիվ մեթոդների։
Այսինքն՝ մենք խոսում ենք ոչ թե խորության, այլ խոնավացման մեխանիզմների մասին։

Խոնավեցնող միջոցները աշխատում են երեք հիմնական ձևով․

1. Humectants (խոնավություն ձգողներ)
Գլիցերին, հիալուրոնաթթու, ուրեա, պրոպիլեն գլիկոլ։
Դրանք կապում են ջուրը եղջերային շերտում։ Սա է այն, ինչ սովորաբար անվանում են «խորը խոնավացում», բայց ավելի ճիշտ է ասել՝ ինտենսիվ հիդրատացիա եղջերային շերտում։

2. Emollients (փափկեցնողներ)
Կերամիդներ, ճարպաթթուներ, խոլեստերին։
Վերականգնում են մաշկի լիպիդային պատնեշը, հարթեցնում մակերեսը և օգնում խոնավությանը պահպանվել։

3. Occlusives (փակողներ)
Վազելին, շի բաթեր, սկվալան, միներալ յուղ։
Ստեղծում են պաշտպանիչ շերտ և նվազեցնում ջրի գոլորշիացումը։

Այն, ինչ մարդիկ անվանում են «խորը խոնավացում», սովորաբար նշանակում է, որ խոնավությունը

– երկար է պահպանվում,
– մաշկը դառնում է փափուկ ու առաձգական,
– չկա ձգվածության զգացում։

Այսինքն՝ խոսքը խոնավության պահպանումն է, ոչ թե դրա «խորությունը»։

Մակերեսային խոնավացումը այն է, երբ կա միայն ջուր կամ թույլ humectant, բայց չկա լիպիդային պաշտպանություն, և խոնավությունը արագ գոլորշիանում է։

Իսկ «խորը խոնավացում» անվան տակ իրականում պետք է հասկանալ․
– humectant + emollient + occlusive համադրություն,
որը ապահովում է

– խոնավության երկարատև պահպանում,
– մաշկի պաշտպանիչ պատնեշի վերականգնում։

Պացիենտի համար պարզ ձևակերպումը․

«Մաշկը խոնավացնելը ջուրը խորը ներս ուղարկելը չէ։ Մաշկը խոնավացնելը նշանակում է օգնել, որ այն պահի իր ջուրը։ “Խորը խոնավացումը” ճիշտ խնամքի համադրություն է, ոչ թե խորություն»։

Եթե միջոցը չի վերականգնում մաշկի պատնեշը, խոնավացումը կլինի միայն ժամանակավոր, անկախ նրանից ինչ անուն ունի։

Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան

x Close

Like Us On Facebook