Կարելի՞ է երեխային փոքր տարիքում սովորեցնել օտար լեզու
Sorry, do you speak English? հարցը հնչում է քաղաքներում, գյուղերում, ամենուրեք, հատկապես զբոսաշրջային վայրերում: Կարելի՞ է երեխային փոքր տարիքում սովորեցնել օտար լեզու:
Շատ ծնողներ փոքր տարիքում երեխային անգլերեն կամ այլ օտար լեզու սովորեցնելը ճիշտ են համարում՝ պատճառաբանելով, որ հետագայում երեխային ավելի հեշտ կլինի լեզուն յուրացնել ու կիրառել: Գուցե այս մոտեցումը ճիշտ է, բայց՝ մասամբ:Թե ինչ լեզու երեխան սովորի, որոշում է ծնողը, այսինքն՝ այստեղ մեր՝ ծնողներիս, ցանկությունն է կարևոր: Գուցե մենք ընտրենք այն լեզուն, որը ցանկացել ենք սովորել, սակայն մեզ մոտ ոչինչ չի ստացվել:Շատ ծնողներ առաջնահերթությունը տալիս են արդեն համաշխարհային լեզու դարձած անգլերենին՝ պատճառաբանելով, որ այն լայն հնարավորություններ է տալիս` թե՛ աշխատանք գտնելու հարցում, թե՛ կրթության, թե՛ գիտության:Մասնագետներն էլ կարծում են, որ օտար լեզու սովորելը պետք է լինի գիտակցված, սեփական նախընտրությամբ ու ցանկությամբ, այսինքն՝ պետք է լինի մոտիվացիա: Միայն այս դեպքում երեխան կհասնի դրական արդյունքի:Բայց կան դեպքեր, երբ անհրաժեշտ է հետաձգել օտար լեզու սովորելը:
- Եթե երեխան ունի մայրենի լեզվի հետ կապված խնդիրներ, ապա սա շատ լուրջ պատճառ է հետաձգելու օտար լեզվի ուսուցումը: Օտար լեզվի բառերն ու հնչողությունն էլ ավելի կխորացնի մայրենի լեզվի հետ կապված խնդիրները: Սկզբում լոգոպեդի օգնությամբ փորձեք լուծել երեխայի խոսքային խնդիրները, հետո սկսեք սովորել օտար լեզուն:
- Եթե երեխայի մոտ ընդգծված խնդիրներ չկան, ապա համարձակորեն կարող եք սկսել օտար լեզվի ուսուցումը: Բայց կարևոր է հաշվի առնել՝ երեխան պատրա՞ստ է դրան: Եթե պատրաստ չէ, հետաձգեք:
Ո՞ր տարիքից սկսել ուսուցումը:
Մասնագետները խորհուրդ են տալիս օտար լեզու սովորել 5 տարեկանից: Գիտնականներն ապացուցել են, որ մինչև 9 տարեկանը երեխան կարողանում է յուրացնել օտար լեզուն և մտապահել օտար բառերը: Նրանք կարողանում են բառի արտասանությունը յուրացնել, որը հեշտ չի տրվում մեծահասակներին:Օտար լեզվի ուսուցումը մի սկսեք 3-4 տարեկանում: Այս տարիքում երեխայի համար ուսուցումը շատ դժվար կլինի և կարող է լուրջ հետք թողնել նրա հոգեբանության վրա: Երեխային մի ծանրաբեռնեք այս տարիքում, քանի որ հնարավոր է, որ նրա մոտ սովորելու նկատմամբ սերն ու ցանկությունը պարզապես մարի: Նրա մոտ գուցե ընկնի ինքնագնահատականը, հիասթափվի կյանքից, իրեն զգա դժբախտ: Իսկ սա արդեն շատ լուրջ է:Կարևոր է գտնել նորմալ ու գիտակ ուսուցչի, մասնագետի, ով խաղերի միջոցով երեխային կսովորեցնի օտար լեզուն:Շատ կարևոր է, որ օտար լեզվի մասնագետն ունենա երեխաների հետ աշխատելու փորձ: Ուսուցումը պետք է լինի ոչ շատ խիստ, այլ ուրախ ու թեթև մթնոլորտում՝ խաղերի և մուլտֆիլմերի օգնությամբ: Երեխայի համար պետք է լինի հետաքրքիր, այլ ոչ ձանձրացնող:
Նյութի աղբյուրը՝ zhest.am