Կլլման ակտի խանգարում (դիսֆագիա)
Ի՞նչ է դիսֆագիան
Կլլման ակտի խանգարումը (դիսֆագիան) դրսևորվում է բերանով, ըմպանով և կերակրափողով սննդի անցման դժվարացմամբ կամ անհնարինությամբ: Սնունդը կուտակվում է բերանի խոռոչում կամ դանդաղում է դրա տեղաշարժը: Ուտելու ընթացքում սնունդը անցնում է շնչուղիներ, առաջանում է հազ կամ շնչարգելություն:
Որո՞նք են դիսֆագիայի տեսակները
• Բերանըմպանային – խանգարվում է սննդի անցումը ըմպանի հետին մաս
• Կերակրափողային – խանգարվում է սննդի անցումը կերակրափողով
Որո՞նք են բերանըմպանային դիսֆագիայի պատճառները
• Այն հիվանդությունները, որոնք բերում են կլլման մկանների կաթվածի՝ էնցեֆալիտ, բոտուլիզմ, կատաղություն, միասթենիա, պոլիոմիելիտ, Պարկինսոնի հիվանդություն, դեղորայքային թունավորումներ
• Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են նեյրո-միոպաթիաներով, նյութափոխանակային(մետաբոլիկ) և էնդոկրին խանգարումներով՝շաքարային դիաբետ, ամիլոիդոզ, թիրեոտոքսիկոզ և այլն
• Բորբոքային պրոցեսները՝ հարնշիկային (հարտոնզիլյար) աբսցես, վահանագեղձի բորբոքում (թիրեոիդիտ), կոկորդի բորբոքում (ֆարինգիտ), անգինա և այլն
• Ուռուցքային հիվանդությունները, բերանի և ըմպանի վնասվածքները, խոցային դեֆեկտները, սնկային ինֆեկցիաները, բերանի խոռոչի չորությունը (xerostomia):
Որո՞նք են կերակրափողային դիսֆագիայի պատճառները
• Կերակրափողի բնածին անոմալիաներ՝ Ցենկերի դիվերտիկուլ, ստոծանու կերակրափողային անցքի (հիատալ) ճողվածք
• Կերակրափողի մկանների տոնուսի և շարժողական ֆունկցիայի խանգարում՝ կերակրափողի տարածուն սպազմ, կարդիոսպազմ, սկլերոդերմիա, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, ծերունական հասակ
• Կերակրափողի լուսանցքի նեղացում ուռուցքով, վարիկոզ լայնացած անոթներով
• Այլ պատճառներ՝ կերակրափողի ինֆեկցիոն հիվանդություններ, քիմիական այրվածքներ, կերակրափողի վիրահատություններից հետո, սարկոիդոզ, Կրոնի հիվանդություն, կերակրափողի ճնշում հարակից օրգանների պաթոլոգիայի պայմաններում (վահանագեղձի, ավշային հանգույցների մեծացում, աորտայի անևրիզմա)
Ինչպե՞ս է դրսևորվում դիսֆագիան
Կերակրափողային դիսֆագիայի ժամանակ սննդի անցման դժվարացումը զգացվում է կրծոսկրի հետևում: Եթե սննդի անցման դժվարացումը առաջանում է կուլ տալուց 1-1.5 վրկ հետո, ապա խոչընդոտը կերակրափողի պարանոցային հատվածում է, եթե 4-5 վրկ հետո՝ կրծքային հատվածում, 6-8 վրկ հետո՝ կերակրափողի ստորին կամ դիստալ հատվածում: Հաճախ հիվանդները դժվարանում են նշել հստակ տեղակայումը: Դիսֆագիայի տեղակայման հստակեցումը կարևոր է ճիշտ ախտորոշման համար:
Տարբերում ենք ընդմիջվող (ոչ կայուն) և մշտական (կայուն) դիսֆագիա: Առաջինի հիմքում ընկած է կերակրափողի շարժողական ֆունկցիայի խանգարումը, որի ժամանակ դժվարացած է հատկապես հեղուկի ընդունումը: Կայուն դիսֆագիային բնորոշ է առավելապես օրգանական բնույթի պաթոլոգիան, հիվանդի մոտ դժվարանում է պինդ սննդի ընդունումը:
Հաճախ դիսֆագիան զուգակցվում է օդինոֆագիայի հետ՝ ցավ կլլման ժամանակ:
Նյարդային հիվանդությունների առկայության դեպքում հիվանդի մոտ կարող է զարգանալ նևրոգեն դիսֆագիա՝ ֆագոֆոբիա(վախ ուտելու նկատմամբ) և հիստերիկ գունդ (globus hystericus ). սա թվացյալ զգացողություն է , որ կերակրագունդը կանգնած է կոկորդում:
Ինչպե՞ս է ախտորոշովում դիսֆագիան
Ախտորոշման հիմքում ընկած է հիվանդի գանգատները և գործիքային հետազոտությունները՝ կերակրափողի էնդոսկոպիկ հետազոտությունը ( բիոպտատի հիստոլոգիական քննությամբ), PH-մետրիա, կերակրափողի կոնտրաստային ռենտգենոգրաֆիա, կրծքավանդակի ռենտգենաբանականհետազոտություն և նյարդաբանական հետազոտություն:
Ախտորոշիչ նշանակություն ունեն նաև դիսֆագիային ուղեկցող ախտանշանները, օրինակ՝ կերակրափողի ուռուցքի դեպքում արտահայտված քաշի կորուստը, դիսֆագիայի զուգակցումը ձայնի խռպոտության հետ, փսխման հետ և այլն:
Ինչո՞վ է վտանգավոր դիսֆագիան
Դիսֆագիան վտանգավոր է իր բարդություններով՝
1. Քրոնիկ կրկնվող կերակրափողի բորբոքումը (էզոֆագիտ) կարող է բերել ուռուցքի զարգացման, որը հասնելով մեծ չափերի՝ կփակի կերակրափողի լուսանցքը և որպես բարդություն` հիվանդի մոտ կխանգարվի սնուցումը
2. Կերակրափողի ուռուցքի դեպքում կարող է առաջանալ շնչառության խանգարում՝ ընդհուպ մինչև շնչառության կանգ (կերակրափողի ուռուցքը կարող է ճնշել շնչափողը)
3. Կերակրափողի ուռուցքը կարող է ներաճել հարակից օրգաններ
4. Կլլման խանգարման հետևանքով բերանի պարունակությունը կարող է անցնել շնչափող, այնուհետև թոքեր և պատճառ հանդիսանալ թոքաբորբի(ասպիրացիոն թոքաբորբ), թոքի թարախակույտի (աբսցես), թոքի ֆիբրոզի(պնրմոսկլերոզ) զարգացման:
Անհետաձգելի վիճակ է հանդիսանում աֆագիան, երբ կերակրափողի լուսանցքը ամբողջովին փակվում է:
Դիսֆագիայի ցանկացած դրսևորման դեպքում դիմել բժշկի, քանզի դրա հիմքում կարող է ընկած լինել լուրջ հիվանդություն (վերը նկարագրված), որն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել և ստանալ համապատասխան բուժում: Չզբաղվել ինքնաբուժմամբ, չընդունել որևէ դեղորայք՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Ընդունած դեղորայքը կարող է ծանրացնել հիմնական հիվանդության ընթացքը: