Կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառների, ախտանշանների, ախտորոշման ու կանխարգելման մասին
Կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառների, ախտանշանների, ախտորոշման ու կանխարգելման մասին խոսել է Իզմիրլյան ԲԿ-ի Կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանը։
Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի տարբեր հատվածներում առաջացած ուռուցք է, որը կարող է կյանքի համար ճակատագրական լինել: Նման նորագոյացությունները կոչվում են չարորակ, քանի որ դրանց բջիջները կարող են աճել շրջակա հյուսվածքների մեջ, տարածվել ամբողջ մարմնում և ստեղծել հիվանդության լրացուցիչ օջախներ:
Կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է աշխարհում, որը կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի մոտավորապես 10%-ը և աշխարհում քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառը:
Հիվանդությունը հանդիպում է 50 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ:
Կոլոռեկտալ քաղցկեղի զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ վերամշակված մսի օգտագործումը և մրգերի և բանջարեղենի քիչ օգտագործումը, նստակյաց կյանքըը, գիրությունը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը:
Կոլոռեկտալ քաղցկեղը հաճախ ախտորոշվում է ուշ փուլում, երբ բուժման տարբերակները սահմանափակ են:
Կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշումն առանձնապես դժվար չէ։ Աղիքային ցանկացած պաթոլոգիա բացահայտելու համար «ոսկե ստանդարտ» է համարվում կոլոնոսկոպիան, որը հետազոտում է ամբողջ աղիքային տրակտը և հայտնաբերում է նորագոյացությունները։
Սկզբնական փուլերում ուռուցքը կարող է լինել առանց ախտանշանների։
Հաճախակի փորկապությունը կամ փորլուծությունը, կղանքում արյան առկայությունը, արնահոսությունը ուղիղ աղիքից, որովայնի ցավերն ու ցնցումները, չափից շատ գազերի առկայությունը, աղիների վատ կծկումները, քաշի արագ կորուստն ու քրոնիկ հոգնածությունը պետք է անհանգստացնեն ու ստիպեն հետազոտվել:
Բուժման պլան կազմելիս հաշվի են առնվում ուռուցքի գտնվելու վայրը, փուլը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը։ Ամենից հաճախ որպես բուժման եղանակ է ընտրվում վիրահատությունը:
Վիրահատության ընթացքում աղիների ուռուցքից տուժած հատվածները հեռացվում են: Աղիքի ծայրերը կարվում են կամ, եթե ցուցված է, ձևավորվում է կոլոստոմիա՝ կղանքը հեռացնելու համար։ Վերականգնողական վիրահատությունը՝ կոլոստոմայի վերացումով, իրականացվում է որպես երկրորդ փուլ՝ հիվանդի վիճակի կայունացումից հետո։

