Sunday, May 5, 2024
Նորություններ

Ո՞ր դեպքերում օտարերկրացիները կարող են Հայաստանում ստանալ անվճար բուժօգնություն

ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներին, օտարերկրացիներին (այդ թվում` Ուկրաինայից ժամանած) Հայաստանում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին Zarkerak.am-ը մանրամասներ է ճշտել պատկան կառույցից։

ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն Հայաստանում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող ՌԴ քաղաքացիները, որոնք ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ապաստան հայցողները ու նրանց ընտանիքների անդամները որոշ ծառայություններ անվճար ստանալու հնարավորություն ունեն:

ՀՀ-ում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող ԵԱՏՄ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա քաղաքացիները (օրինակ` Ուկրաինայի), ինչպես նաև ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ են ստանում այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (ԱԱՊ) բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, որին ընտրել են և ում մոտ սահմանված կարգով գրանցվել են:

Բժշկական անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են անվճար նաև ԵՏՄ անդամ-պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների դեպքում հանկարծակի սրված վիճակների և հիվանդությունների դեպքում:

Ինչպես նաև, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անկախ համապատասխան միջպետական (միջազգային) պայմանագրերի (համաձայնագրերի) առկայությունից` պետական պատվերի շրջանակներում: Այդ հիվանդություններից են օրինակ՝ ՄԻԱՎ վարակի առկայությունը, կորոնավիրուսային վարակը և այլն:

Բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ մի շարք միջազգային համաձայնագրերով, այդ թվում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրով, «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողներին և ընտանիքների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» արձանագրությամբ և այլն։

Վերը նշված խմբերում գտնվող քաղաքացիները օգտվում են անվճար հիվանդանոցային (թերապևտիկ և վիրաբուժական) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից, ինչպես նաև բժշկական ցուցման դեպքում հատուկ և դժվարամատչերի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու արտոնություններից:

Իսկ հանկարծակի սրված վիճակների և հիվանդությունների դեպքում, որոնք սպառնում են պացիենտի կյանքին կամ շրջապատողների առողջությանը, դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության և հղիության ընթացքում անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է առանց որևէ խոչընդոտի, անվճար և լրիվ ծավալով՝ ժամանակավոր բնակության պետության տարածքում բժշկական կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպչաիրավական ձևերի:

Նման դեպքերում, նախարարությունից հայտնում են, որ սկսած այն պահից, երբ արդեն վերացվում է պացիենտի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը և հնարավոր է նրա տեղափոխությունը, բժշկական օգնության ցուցաբերումը իրականացվում է վճարովի հիմունքներով:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ ծառայությունները վճարովի հիմունքներով են մատուցվում, Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

«Այն քաղաքացիները, որոնք չեն մտնում վերը թվարկված խմբերում, նրանց դեպքում, մասնավորապես ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերվում է վճարովի հիմունքներով, ըստ պայմանագրային գների կամ գործող գնացուցակի փոխհաշվարկներ կատարելով»,- նշեցին ԱՆ-ից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook