Կուբանում կցուցադրվի աշխարհում ամենափոքր հայկական սրբապատկերը.tert.am
Կրասնոդարի Ֆելիցինի անվան պատմահնագիտական թանգարան-արգելոցում կբացվի մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի մասնավոր հավաքածուի ցուցահանդեսը՝ «Հրաշքների աշխարհ. միկրոմինիատյուրայի արվեստը» խորագրով:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, ցուցանմուշների ցանկում են ներառվել փղոսկրից, բրնձի հատկից, ձկան թեփուկներից և այլ մանր բաղադրիչներից պատրաստված արվեստի գործեր:
Դրանց շարքում առանձնակի ուշադրության է արժանի «Աշխարհում ամենափոքր սաթե սրբապատկեր»-ը (չափը՝ 1.5 մմ):
Հայտնի է, որ հայ միկրոնկարիչը համարվում է գեղարվեստի ոլորտում միկրոմինիատյուրայի ուղղության հիմնադիր հայրը: Նա պատրաստել է մոտ հազար արվեստի գործ, որոնք կարելի է ուսումնասիրել միայն խոշորացույցի օգնությամբ: Ի դեպ, նրա ամենափոքր աշխատանքներից 10-ը ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Նյութի աղբյուրը՝ tert.am