Ձմեռը այն ժամանակաշրջանն է, երբ մեր օրգանիզմն առավել խոցելի է
Ձմեռը պետք է լինի ջերմ ու առողջարար
Ձմեռը այն ժամանակաշրջանն է, երբ մեր օրգանիզմն առավել խոցելի է։
Ցուրտը, արևի պակասը, սեզոնային վարակները և իմունային համակարգի վրա ավելացած ծանրաբեռնվածությունը ստիպում են մեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջությանը։
Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ Գայանե Պետրոսյանն անդրադարձել է որոշ հետազոտությունների, որոնք կօգնեն վերահսկել ձեր առողջությունը ձմռան ընթացքում![]()
Արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն:
Սա ձեր առողջության հիմնական ցուցիչն է։ Այն ցույց կտա բորբոքումների, անեմիայի կամ այլ թաքնված խնդիրների առկայությունը։ Առանձնահատուկ կարևոր է, եթե դուք զգում եք թուլություն, մշտական հոգնածություն կամ հաճախակի մրսում եք։
Վիտամիններ և միկրոէլեմենտներ:
Ձմռանը օրգանիզմին հաճախ պակասում են վիտամին D-ն, երկաթը, ցինկը և մագնեզիումը։ Դրանց պակասը կարող է դրսևորվել թուլության, մազերի փխրունության, մաշկի չորության և իմունային համակարգի անկման տեսքով։ Այս ցուցանիշների վերլուծությունը կօգնի պարզել, թե ինչ վիտամիններ պետք է ավելացնել սննդակարգում կամ ընտրել ճիշտ հավելումներ։
Վահանաձև գեղձի հորմոններ:
Ձմռան ցածր ջերմաստիճանը և սթրեսը կարող են ազդել հորմոնալ ֆոնի վրա։ Վերլուծությունները՝ ԹԹՀ (ТSH), T3 և T4 հորմոնների մակարդակի որոշման համար, հատկապես կարևոր են, եթե առկա են այսպիսի ախտանիշներ՝ մաշկի չորություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ կամ քրոնիկական հոգնածություն։
Արյան գլյուկոզ:
Ձմռանը շատերը սիրում են քաղցր ուտել, ինչը կարող է ազդել շաքարի մակարդակի վրա։ Գլյուկոզի վերահսկումը կարևոր է շաքարախտի կանխարգելման և ընդհանուր առողջությունը պահպանելու համար։
Էքսպրես-թեստեր:
Վիրուսային վարակների և այլ ինֆեկցիաների ժամանակ մեծ պահանջարկ ունեն COVID-19-ի, գրիպի և ստրեպտոկոկի էքսպրես-թեստերը։ Այս թեստերը թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունը և նշանակել համապատասխան բուժում։
Ցանկացած հետազոտության անհրաժեշտությունը և արդյունքները պետք է քննարկել Ձեզ բուժող բժշկի հետ:

