Wednesday, May 8, 2024
Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոնում բացվեց նոր՝ վերականգնողական բաժանմունք

«Ազնավուր» հիմնադրամի և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ՝ «Վանաձոր» ԲԿ-ում բացվեց վերականգնողական բաժանմունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզի և Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, ովքեր շրջեցին կենտրոնում և ծանոթացան առկա սարքավորումներին և հնարավորություններին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր մասնակցել են կենտրոնի իրագործման ծրագրերին և նշեց, որ սա թիմային արդյունավետ աշխատանքի լավագույն օրինակն է: «Այս պահին Վանաձորում ունենք 100 շահառու զինվոր, որոնք ունեն տարբեր տիպի վերականգնողական բժշկական օգնության կարիք: Ասեմ, որ մեծ մասը արդեն ընդգրկվել է բուժման գործընթացում: Պետք է նշեմ, որ այս վերականգնողական բժշկական օգնությունը պետք է տրամադրվի պարբերական սկզբունքով, և մարզում նման կենտրոն ունենալու կարևորությունը նրանում է, որ օգնությունը չի ընդհատվում և կարիքը չկա հասնել Երևան»,- ասաց նախարարը:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ասաց, որ իրենք նույնպես վերապրել են պատերազմը, ինչպես ցանկացած մարդ, որ այդ պահին գտնվում էր Հայաստանում և փորձում էին արագ մտածել, թե ինչ կարող էին անել, որպեսզի կարողանային մեղմել այն մարդկանց ցավը, ովքեր ունեին վիրավորում, ովքեր կորցրել էին հարազատներ, ծնողներ, որդիներ: «Պետք է նշեմ, որ պատերազմի ընթացքում շատերս, կարծես թե, անկարողության զգացողություն ունեինք, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն էլ չկա: Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս՝ մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-ասաց նա:

Ծրագրի շրջանակում տեղացի մասնագետները հնարավորություն են ստացել վերապատրաստվել ֆրանսիացի փորձառու բժիշկների կողմից։ Ֆիզիկական վերականգնման և հոգեբանական աջակցության տրամադրման ոլորտում նոր գիտելիքներ ստացած նման մասնագետների թիվն այս պահին 14 է։ Ֆրանսիացի վերապատրաստող բժիշկների ևս երկու խումբ կժամանի Վանաձոր մայիսին։ Կենտրոնի ֆիզիկական վերականգնողական բաժնի կինեզիստ Գևորգ Սիրունյանը նշեց, որ կենտրոնը հագեցած է վերականգնողական բոլոր ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է սպասարկել բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն վերականգնողական բուժման կարիք:

«Նմանատիպ վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում միակն է և իր հագեցվածության շնորհիվ հնարավորություն ունի սպասարկելու ամբողջ մարզը»,-ասաց մասնագետը:

Մասնագետը հավելեց, որ կենտրոնն արդեն իսկ ծառայում է Արցախյան պատերազմից տուժած մեր հայրենակիցներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող այլ պացիենտների, սակայն պաշտոնական բացումից և իրազեկման արշավից հետո այն էլ ավելի մեծ ծավալի օգնություն կհատկացնի շահառուներին։ Ծրագրի ընթացքում Ֆրանսիայից հրավիրված մասնագետների կողմից աշխատանք է տարվել նաև պատերազմի ընթացքում հարազատներ կորցրած շուրջ 120 անձի հետ. նրանք խորհրդատվական հանդիպում-քննարկումներ են ունեցել հետտրավմատիկ սթրեսային խանգարման, կանխարգելման և հաղթահարման թեմայով։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի աջակցությամբ։

Ծրագրի մյուս գործընկերն են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վանաձորի բժշկական կենտրոնը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook