Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկական ուղեղային պարալիզ

Մանկական ուղեղային պարալիզը (ՄՈւՊ) շարժումների և դիրքային կամ պոստուրալ տոնուսի խանգարումներով արտահայտվող համախտանիշների խումբ է, որը պայմանավորված է պրենատալ, պերինատալ և հետծննդյան վաղ շրջանում գլխուղեղի ոչ պրոգրեսիվող ախտահարումներով: «Ուղեղային պարալիզ» անվանումը շեշտում է նյարդաշարժողական ախտանիշների գերակայությունը:

Մանկական ուղեղային պարալիզի վաղ ախտորոշման առավելությունների, պատճառների ու միջամտության ձևերի մասին ենք զրուցել Արբես-Արաբկիր մանկական վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանի հետ:

ՄՈՒՊ-ի առաջացման պատճառները

Նախածննդյան շրջան

  • Գլխուղեղի ախտահարման պատճառ կարող են դառնալ հղիության ընթացքում մոր կրած հիվանդությունները՝ դիաբետ, ցնցումներ, ընդունած տերոտոգեն (էմբրիոնային զարգացումը խաթարող) դեղորայքը, թմրանյութերը, ալկոհոլը․․
  • Տոքսոպլազմոզը, կարմրախտը, ցիտոմեգալովիրուսը՝ հերպեսը նույնպես անբարենպաստ են ազդում պտղի զարգացման վրա։
  • Ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, երբ մայրն անհրաժեշտ վիտամիններ չի ստանում, ևս կարող է ազդեցություն ունենալ։

Պերինատալ շրջան

Այս փուլը ներառում է հղիության 23-րդ շաբաթից մինչև ծննդաբերությանը հաջորդող առաջին 7 օրվա ժամանակահատվածը:

  • Պտուղը կարող է որևէ խնդիր չունենալ նախորդ ինը ամիսների ընթացքում, բայց ձեռք բերել ծննդաբերության պրոցեսում։ Դժվար ծննդաբերություն, խոշոր պտուղ, ձգձգված ծննդաբերություն, պտղաջրերի արագ արտահոսք․․․Այս բոլորի պատճառով երեխան կարող է թթվածնաքաղց ունենալ, ինչն անդրադառնում է գլխուղեղի վրա։
  • Մոր և երեխայի արյան խմբերի տարբերություն։ Հաճախ երեխաների ծնվելուց հետո ի հայտ է գալիս «դեղնուկ» կոչվող երևույթը: Կարևոր է, որ նորածինը լինի մասնագետների հսկողության տակ, որպեսզի հասկանան դեղնուկը նորմայի մեջ է, թե՝ ոչ։
  • Անհաս երեխաներ՝ երեխաներ, որոնք ծնվել են հղիության 37-րդ շաբաթից առաջ։ Հատկապես, եթե նորածնի քաշը ցածր է 2,5 կիլոգրամից՝ հավանականությունն ավելի մեծ է, որ մանկան գլխուղեղի հետ կարող են խնդիրներ լինել։
  • Մենինգիտը, էնցեֆալիտը կարող են բերել երեխայի գլխուղեղի վնասման:

3-5 տարեկանից հետո երեխայի գլխուղեղային տրավմայի հետևանքով առաջացած վիճակը չի կոչվում ՄՈՒՊ, կոչվում է Գլխուղեղային տրավմա։

Ինչպես նկատել ՄՈՒՊ-ի առաջին նշանները

ՄՈՒՊ-ի վաղ նշանները կարող են ի հայտ գալ կյանքի առաջին 28 օրում։ Երեխան կարող է լինել թույլ։ Հաճախ ասում են՝ երեխան ծույլ է։ Երեխան չի լինում ծույլ, նա պարզապես դժվարանում է անել այն, ինչ պիտի անի՝ շարժել ձեռքերն ու ոտքերը։ Եթե երեխան կտորե տիկնիկի նման պառկում է ու ոչինչ չի անում՝ արդեն ահազանգ է։ Կամ, երբ նկատում ենք, որ երեխայի մկանները լարված են։ Սա ավելի հազվադեպ է հանդիպում, բայց նույնպես ահազանգ է։ Երբ այդպիսի երեխաներին բարձրացնում ենք վեր՝ տպավորություն է, որ գլուխը կորչում է ուսերի մեջ, ձայնը նվաղ է, թույլ, հնարավոր է, որ երեխաները ցնցումներ ունենան, նկատվում են ջերմաստիճանի տատանումներ։ Եթե այս ախտանշաններից երկուսը կամ երեքը առկա են միաժամանակ (համակցված են)՝ պետք է առավել զգոն լինել։

Գոյություն ունեն երեխաների զարգացման չափանիշներ: Եթե կա հավանականություն, որ զարգանալու է ՄՈւՊ, ապա հիմնականում հետ է մնում երեխաների շարժողական ոլորտը, չի համապատասխանում տվյալ տարիքի զարգացման ցուցանիշներին։ Պետք է իմանալ նաև, որ երեխան հատկապես կյանքի առաջին տարում դոմինանտ (գերակշռող) ձեռք չունի, երկուսն էլ օգտագործում է (պետք է օգտագործի) հավասարաչափ։

Կան ռեֆլեքսներ, որոնք հատկապես ակտիվ են արտահայտվում երկու ամսականում։ Օրինակ, երբ երեխան գլուխը թեքում է ձախ, ակամա ծալում է աջ ձեռքը, իսկ ձախը բացում է։ Դա կոչում են «սուսերամարտիկի դիրք»: Այդպիսի պարզունակ ռեֆլեքսները հինգ-վեց ամսականից պետք է մարեն, որպեսզի դրանց փոխարինեն ավելի բարդ շարժումները։ Այս փուլային փոփոխությունների արդյունքում զարգանում է երեխայի ուղեղը։ Եթե պարզունակ ռեֆլեքսը չի մարում, շարունակվում է, ու չի գալիս ավելի բարձր մակարդակի ռեֆլեքսը՝ սա ևս պետք է ընդունել իբրև ահազանգ։

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև փոքրիկի վարքագծին՝ երեխաները, որոնց մենք կասկածում ենք, թե հետագայում կարող է ՄՈՒՊ ախտորոշվել՝ լինում են լացկան, անհանգիստ, գրգռված, խաթարված է լինում ծծելու և կլման ակտը։

Հետո արդեն նկատվում է, որ երեխան չի կարողանում պահել գլուխը, կառավարել շարժումները և այն։

ՄՈՒՊ-ի ախտորոշում

ՄՈւՊ-ի ախտորոշումը սկսվում է մանկաբույժի սենյակից, որն էլ պետք է ուղղորդի ծնողին։ Հաճախ առաջնահերթ մանկաբույժն ուղորդում է երեխային և ծնողին նյարդաբանի կաբինետ կամ վերականգնողաբանի մոտ, որպեսզի սկսի աշխատել երեխայի հետ։ Վերջնական ախտորոշումը տալիս է նյարդաբանը։ Հիվանդությունը ախտորոշվում է մոտավորապես երկու տարեկանում։

Ուշագրավ է այն, որ հաճախ սկզբից աշխատում են ոչ թե ախտորշման, այլ խնդրի հետ։ Ախտորոշումը կարող է դրվել երկու-երեք տարի անց, բայց դա չի նշանակում, որ այդ ընթացքում պետք չէ որևէ բան անել։

x Close

Like Us On Facebook