Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նախաճաշին հաճախ օգտագործվող վեց մթերք, որոնք կարող են շատ վնասակար լինել

Բոլորն էլ գիտեն, որ ճիշտ նախաճաշն արդյունավետ օրվա սկիզբն է, ուստի շատ կարևոր է, որ այն լինի սննդարար, հագեցնող ու օգտակար, սակայն շատ հաճախ մարդիկ նախաճաշին օգտագործում են սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ համարել օգտակար։ Նման նախաճաշը կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների զարգացման պատճառ, ուստի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի վեց տեսակ, որոնք վնասակար են, սակայն բավական հաճախ են օգտագործվում նախաճաշին։

Կաթնաշոռային պանրիկներ

Բնական կաթնաշոռից պատրաստված մթերքն իսկապես կարող է շատ օգտակար նախաճաշ լինել, սակայն քաղցր կաթնաշոռային պանրիկները նույնքան սննդարար ու օգտակար չեն։ Դրանցում բնական կաթնաշոռի պարունակությունն այդքան էլ շատ չէ, սակայն բավական մեծ է անորակ բուսայուղերի, շաքարի, պահածոյացնող նյութերի ու համային հավելումների պարունակությունը։ Նման բաղադրության պատճառով կաթնաշոռային պանրիկները դասվում են ոչ թե օգտակար, այլ վնասակար մթերքի շարքին։ Ընդ որում՝ առավել վնասակար են ջնարակապատ պանրիկները, որոնցում բնական օգտակար շոկոլադ առհասարակ չի պարունակվում։ Սա է պատճառը, որ նման մթերքը նախաճաշին ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել։

Արագ պատրաստվող շիլաներ

Շիլան կարող է հիանալի ընտրություն լինել նախաճաշի համար, սակայն միայն այն դեպքում, երբ խոսքն արագ պատրաստվող շիլաների մասին չէ։ Նման շիլաները չեն պարունակում դանդաղ մարսվող և էներգիա հաղորդող ածխաջրեր, որոնք օգնում են ազատվել քաղցից երկար ժամանակով, ուստի դրանց գործածությունից որոշ ժամանակ անց քաղցի զգացումը կրկին կվերադառնա։ Բացի այդ, նման շիլաների համար կիրառվող հացահատիկները հատուկ մշակման են ենթարկվում, ինչի հետևանքով մթերքը կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները։

Մյուսլի և գրանոլա

Մյուսլին ու գրանոլան պատրաստվում են հացահատիկներով, որոնց ավելացվում են տարբեր հավելումներ, այդ թվում՝ սերմեր, չորամրգեր, մրգեր, ընկույզեր և այլն։ Նման նախաճաշն առաջին հայացքից շատ օգտակար է թվում, սակայն շատ հաճախ դրանք պարունակում են նաև սինթետիկ ներկանյութեր ու բուրավետիչներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել։ Շատ ավելի առողջարար նախաճաշ ստանալու համար կարելի է պատրաստել հասարակ շիլա և ավելացնել դրան տարատեսակ սերմեր, մրգեր, հատապտուղներ, բնական օշարակներ, վանիլին, դարչին և այլ օգտակար բաղադրիչներ։

Պատրաստի թխվածքաբլիթներ

Խանութներում վաճառվող պատրաստի հրուշակեղենը կարող է ամենավնասակար ընտրությունը լինել նախաճաշին ուտելու համար։Նման մթերքն ունի չափազանց բարձր կալորիականություն և պարունակում է արագ ածխաջրեր, կենդանական ճարպեր ու շաքար։ Չափազանց բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով այն չի կարող համարվել օգտակար մթերք։ Նման նախաճաշը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, բացասաբար անդրադառնալ արտաքին տեսքի վրա և խանգարել մարսողական համակարգի աշխատանքը։

«Արագ» նախաճաշեր

Ներկայում խանութներում կարելի է գտնել «արագ» նախաճաշերի բազում տեսակներ, որոնք կարելի է համադրել յոգուրտի, կաթի, կեֆիրի կամ հյութերի հետ, սակայն առաջին հայացքից օգտակար թվացող այս նախաճաշն իրականում կարող է պարունակել մի շարք վտանգավոր բաղադրիչներ։ Նման արագ նախաճաշերը պարունակում են ալյուր, օսլա, շաքար, համի ուժեղացուցիչներ, պահածոյացնող նյութեր, բուրավետիչներ, խտացնող նյութեր և այլ սինթետիկ հավելումներ, որոնք հանգեցնում են նյութափոխանակության հետ կապված խնդիրների, ճարպակալման, ինչպես նաև երիկամների, ստամոքսի, լյարդի և մարսողական համակարգի այլ օրգանների աշխատանքի խանգարման։

Երշիկով բուտերբրոդներ

Շատերն իրենց օրն սկսում են երշիկով բուտերբրոդով, սակայն նման նախաճաշը ևս կարող է շատ վնասակար լինել։ Եթե անգամ  հնարավոր է օգտագործել օգտակար ամբողջահատիկ հաց, ապա խանութներում վաճառվող երշիկեղենը ցանկացած պարագայում վնասակար է։ Օգտակար բուտերբրոդ պատրաստելու համար կարելի է հացն օգտագործել ամբողջահատիկ, իսկ երշիկը փոխարինել բնական մսով կամ ձկով։ Ցանկության դեպքում կարելի է հավելել նաև թարմ բանջարեղեն, կանաչեղեն, մի փոքր կարագ, պանիր կամ կաթնաշոռ։

Նյութի աղբյուրը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook