Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Նկարազարդ ապակյա ամանները վտանգավոր են առողջության համար. գիտնականներ

Այս մասին հաղորդում է  http://araratnews.am -ը:Ծաղկանախշ և նկարազարդ ապակյա ամանները պարունակում են առողջության համար երկու թունավոր, վնասակար ծանր մետաղների` կադմիումի և կապարի մեծ խտություններ. այս մասին նշված է Science of the Total Environment հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք խիստ զարմացել էինք, որ մեզ հաջողեց կապարի և կադմիումի նման բարձր խտություններ գտնել բաժակների, այլ անոթների արտաքին կողմում, ինչպես նաև դրանց եզրաշերտին: Նման ամանեղենը երկար ժամանակ օգտագործելը հղի է առողջության համար հսկայական խնդիրներով, ուստի ապակյա ամանեղեն արտադրողները պետք է հապճեպ միջոցներ ձեռնարկեն»,- հայտարարել է Էնդրյու Թըրները Պլիմուտի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Կապարի, արսենի և այլ տարրերի առկայությունը ջրի մեջ, ջրատար խողովակներում, ամանեղենում և առտնին կենցաղի այլ առարկաներում հաճախ հանգեցնում է ուղեղի և մարմնի աշխատանքում ծանր խանգարումների: Բազմաթիվ պատմաբանների կարծիքով` Հին Հռոմի անկման պատճառներից մեկը կարող էր լինել կապարե ամանեղենի օգտագործումը:

Թըրները և իր գործընկերները բացահայտել են ծանր մետաղների մեկ այլ հնարավոր աղբյուր` ուսումնասիրելով ներկերի քիմիական բաղադրությունը, որոնցից արտադրական ձեռնարկություններն օգտվում են ապակյա բաժակների, անոթների և գավաթների մակերևույթին նկարներ և լուսանկարներ անելիս: Ի զարմանս գիտնականի` զինված դյուրակիր ռենտգենյան սպեկտրոմետրով, քիմիկոսն ուսումնասիրելով Մեծ Բրիտանիայում վաճառվող մոտ 7 տասնյակ բաժակներ, գարեջրի գավաթներ և այլ ապակեղեն, մեծ մասամբ նա հայտնաբերել է ծանր մետաղների նորման տասնապատիկ, իսկ երբեմն հազարապատիկ գերազանցող բարձր խտություններ:

Ընդ որում, թույների խտությունը կախված էր գույնից և ներկի տեսակից: Օրինակ` կարմիր, նարնջագույն, դեղին և կանաչ երանգներում կադմիումի և կապարի նորման գերազանցող չափերը ավելի հաճախ էին հայտնաբերվում, իսկ սպիտակ գույնը ավելի նվազ թունավոր է: Սա պայմանավորված է նրանով, որ և՛ կապարը, և՛ կադմիումը մտնում են այդ գույների ներկերի մեծ մասի բաղադրության մեջ:

Ինչպես ցույց են տվել բրիտանացի քիմիկոսների հետագա փորձերը, շատ դեպքերում ներկերի մասնիկները կարող են ապակուց շերտազատվել և խմելիս ընկնել մարդու բերանի մեջ կամ կպչել նրա ձեռքերին: Այս ամենը այդ բաժակները դարձնում է խիստ վտանգավոր առողջության համար:

Ուշագրավ է նաև, որ թունավոր է ոչ միայն Չինաստանում արտադրված ամանեղենը, այլև եվրոպականը: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ արտադրողներն օգտագործում են ոչ անվտանգ ներկեր, դրանց ավելի էժան հանքային նմանակներ, իսկ սանիտարական ծառայությունները դրան պարզապես չեն հետևում: Համապատասխանաբար, հանքային ներկերը օրգանական ներկերով փոխելը կարող է խնդիրը վերացնել:

Եթե ձեր տանը նման ամանեղեն կա, ապա գիտնականները խորհուրդ են տալիս այն չօգտագործել թթու ըմպելիքների համար, քացախաթթուն և դրա նմանակները զգալիորեն արագացնում են նկարներից կապարի և կադմիումի լվացահանումը և տասնյակ անգամ բարձրացնում են դրանց խտությունը հենց հեղուկի մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook