Monday, May 6, 2024
Նորություններ

Սյունիքի խնդիրները` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

Մեծապես կարևորելով հանրապետության մարզերում առողջապահական ոլորտում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին տեղում ծանոթանալը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մարզային այցերը:

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին նախարար Թորոսյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ այցելել է Մեղրիի, Քաջարանի և Կապանի ԲԿ-ներ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ։

Մեղրիի բժշկական կենտրոնը նորակառույց է և լիովին կահավորված, բայց դեռևս ջեռուցման խնդիր ունի, քանի որ բնական գազից չի կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը քննարկել է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու հնարավորությունը` որպես խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակ: Մեղրիի ԲԿ-ում բուժանձնակազմը բարձրացրել են նաև աշխատավարձի խնդիրը:

Նախարարին ներկայացվել է, որ Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոնները հիմնանորոգված են և նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղ նույնպես նորակառույց է, իսկ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շենքը վերանորոգման կարիք ունի:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում էլ նախարարը ծանոթացել է տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին և այլ հնարավորությունների:

Արսեն Թորոսյանը մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարարի մասնակցությամբ անցկացված մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Օգոստոսի 26-ին առողջապահության նախարարը շարունակել է աշխատանքային հանդիպումները Գորիսում և Սիսիանում: Գորիսի ԲԿ-ի շենքային և գործիքային պայմանները բավարարում են ժամանակակից պահանջներին, իսկ ԲԿ կազմում գործող պոլիկլինիկան կարիք ունի կապիտալ վերանորոգման: Գորիս համայնքի վարչակազմի ներկայացուցիչները խոստացել են աջակցել այդ հարցում։

«Կարծում եմ, որ համայնքների ներգրավվածությունը համայնքային առողջապահական խնդիրների լուծման մեջ պետք է արտացոլվի նաև տարեկան համայնքային բյուջեներում՝ որպես առանձին տող։ Սրա մասին ես խոսել եմ նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ, որպեսզի ունենանք միօրինակացված մոդել ամբողջ երկրի համար»,-հանդիպման ժամանակ ընդգծել է նախարար Արսեն Թորոսյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook