Սրտանոթային համակարգ. հաճախ տրվող հարցեր
1. Որո՞նք են սրտանոթային համակարգի ընդհանուր ախտանիշները:
Սրտանոթային համակարգի ընդհանուր ախտանիշներն են. զարկերակային ճնշման տատանումները՝ իջեցումներ և բարձրացումներ, սրտի ռիթմի խանգարումները, հետ և կրծոսկրային շրջանում բութ, սեղմող ցավերը, հևոցը, երբեմն` այտուցները:
2. Ի՞նչ է ստենոկարդիան:
Ստենոկարդիան պայմանավորված է սիրտը սնող զարկերակների նեղացմամբ, որն ի հայտ է գալիս, երբ սրտի արյան պահանջը չի համապատասխանում արյան մատակարարմանը: Արդյունքում զարգանում է ցավային համախտանիշ:
3. Ո՞ր ախտանիշներն են վկայում ստենոկարդիայի մասին:
Ստենոկարդիան սրտի իշեմիկ հիվանդության դրսևորվումներից է, որն արտահայտվում է 3-5 րոպե (որոշ դեպքերում` մինչև 15 րոպե) տևող կրծոսկրի հետևում բութ, սեղմող, ճնշող, այրող բնույթի ցավերով, երբեմն` գիշերային ժամերին, պայմանավորված պսակաձև անոթների նեղացումների կամ խցանման հետ, հիմնականում այն ի հայտ է գալիս ֆիզիկական տարբեր աստիճանի ծանրաբեռնվածության ժամանակ, ինչը բնորոշվում է որպես լարվածության ստենոկարդիա: Գիշերային ժամերին արտահայտվող ստենոկարդիան կոչվում է վազո սպաստիկ կամ Պրինցմետալի ստենոկարդիա, ինչը պայմանավորված է սիրտը սնուցող պսակաձև զարկերակների, սպազմով:
4. Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը:
Սրտամկանի ինֆարկտը սրտի որոշ հատվածների արյան սնուցման դադարումն է սիրտը սնուցող զարկերակի խցանման հետևանքով: Այդ խցանումները հիմնականում պայմանավորված են սիրտը սնող զարկերակներում թրոմբի գոյացումով:
5. Ո՞ր ախտանիշներն են վկայում սրտամկանի ինֆարկտի մասին:
Սրտամկանի ինֆարկտը ծանր համախտանիշով արտահայտվող հիվանդագին վիճակ է, որն արտահայտվում է հետկրծոսկրային շրջանում ճնշող, այրող, կոտրող, ծակող բնույթի ցավերով: Ցավերը կարող են ճառագայթել դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ուսագլուխ, ձախ ձեռքի ներքին արմնկային գծով մինչև անգամ ձեռքի մատները: Սրտամկանի ինֆարկտի ցավերը կարող են ճառագայթել նաև որովայնի վերին հատված, ինչպես նաև միջթիակայինտարածություն: Սրտամկանի ինֆարկտի մասին կարող է հուշել, եթե վերոնշյալ ցավերը տևում են 15-20 րոպե և ավելին: Երբեմն սրտամկանի ինֆարկտը կարող է ընթանալ բացարձակապես առանց ցավի: Նման դեպքեր հատկապես գրանցվում են շաքարային դիաբետով հիվանդների, տարեցների և ալկոհոլը չարաշահող անձանց մոտ:
6. Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն ստենոկարդիայի և սրտամկանի ինֆարկտի ժամանակ:
Ստենոկարդիայի դեպքում նախ պացիենտը պետք է դադարեցնի ցանկացած ֆիզիկական լարվածություն, կանգ առնի, նստի, թուլացնի օձիքը, սեղմող կապերը, ընդունի հակաիշեմիկ պատրաստուկ, օրինակ, նիտրոգլիցերինի 1-2 հաբ կամ ցողացիր` լեզվի տակ և դիմի շտապ օգնությանը:
7. Ի՞նչ է սուր սրտային անբավարարությունը:
Դա արյան շրջանառության սուր խանգարումն է, որը կարող է ուղեկցվել զարկերակային ճնշման սուր տատանումները, սրտի ռիթմի սուր խանգարումներով, հևոցով, թոքի այտուցով, խզզոցներով: Պատճառները մի քանիսն են. զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը, հիպերտոնիկ կրիզը, սրտի ռիթմի սուր խանգարումները, սրտամկանի ինֆարկտը և այլն:
8. Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն սուր սրտային անբավարարության ժամանակ:
Կազմակերպել առաջին օգնություն տնային պայմաններում հնարավոր չէ, երբ հատկապես պատճառը պարզ չէ: Սակայն, եթե պատճառը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, հարկ է ընդունել զարկերակային ճնշումն իջեցնող ձեռքի տակ եղած ցանկացած դեղ: Եթե պատճառը սրտի ռիթմի հանկարծակի խանգարումներն են, հիվանդը պետք է ընդունի պառկած դիրք և դիմի շտապ օգնությանը:
9. Ո՞ր ախտանիշներն են վկայում սրտային անբավարարության մասին:
Սրտային անբավարարության հիմնական ախտանիշներն են. օդի պակասի զգացողությունը, միջին կամ թեթև ֆիզիկական լարվածության ժամանակ հևոցը, խզզոցները, պառկած դիրքում արտահայտվող հազը, ստորին վերջույթներից այտուցները: Ծանր սրտային անբավարարության ժամանակ կարող է լինել հեղուկի կուտակում որովայնի և պլևրալ խոռոչներում:
10. Ի՞նչ է հիպերտոնիան (զարկերակային գերճնշում):
Զարկերակային գերճնշումն արյան ճնշման բարձրացումն է 141/91 և ավելին: Դա կարող է լինել ախտանշային, այսինքն` ուղեկցել որևէ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական վիճակի, կամ զարկերակային գերճնշմաբ արտահայտվող առանձին հիվանդություն լինել: Հիպերտոնիայի պատճառը զարկերակային անոթների տոնուսի բարձրացումն է:
11. Ե՞րբ է զարկերակային գերճնշումը համարվում հիվանդություն:
Զարկերակային գերճնշումը համարվում է հիվանդություն, երբ հիվանդի մոտ գրանցվում է զարկերակային ճնշման կայուն բարձրացում 140-90 ցուցանիշներից ավելին, որը հնարավոր չէ շտկել կենսակերպի փոփոխություններով ու առողջ ապրելակերպով:
12. Ի՞նչ է հիպերտոնիկ կրիզը:
Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման հանկարծակի և կտրուկ բարձրացումն է, որն ուղեկցվում է զարկերակների կտրուկ արտահայտված սպազմով, նեղացումով, ինչը կարող է օրգանների արյան շրջանառության խանգարման պատճառ հանդսանալ։ բարդություններն են՝ ուղեղի կաթված, սրտամկանի ինֆարկտ, ակնահատակի արյունազեղում, երիկամային անբավարարություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիաներ և այլն:
Հիպերտոնիկ կրիզ կարող է զարգանալ ինչպես լիովին առողջ անձանց մոտ, այնպես էլ հիպերտոնիայով հիվանդների մոտ: Առողջ անձանց մոտ հիպերտոնիկ կրիզի պատճառ կարող են լինել սթրեսային իրավիճակները, իսկ հիպերտոնիայով հիվանդների մոտ՝ հիպոտենզիվ դեղերի դադարեցումը կամ ոչ կանոնավոր ընդունումը:
Հիպերտոնիկ կրիզը համարվում է ծայրահեղ ծանր վիճակ, որը պահանջում է անհետաձգելի, անհապաղ բուժօգնություն:
13. Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն հիպերտոնիկ կրիզի ժամանակ:
Հիպերտոնիկ կրիզի ժամանակ անհրաժեշտ է արագ հրավիրել շտապ օգնություն, իսկ մինչև բժշկի գալը պետք է ընդունել այդ պահին առկա ցանկացած ճնշում իջեցնող դեղ: Առավել արագ և արդյունավետ զարկերակային ճնշումն իջեցնում են լեզվի տակ կապտոպրիլի կամ նիֆեդիպինի հաբի կիրառումը: Երբեմն կրիզները տևում են մի քանի ժամ, անգամ մի քանի օր, որի ժամանակ անհրաժեշտ է կազմակերպել ինտենսիվ բուժում ստացիոնար պայմաններում:
14. Խոլեսթերինի բարձր մակարդակ. ի՞նչ է դա նշանակում:
Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին խոսվում է, երբ նրա բացարձակ արժեքը արյան շիճուկում գերազանցում է 5.2 մլմոլ/լիտրցուցանիշը: Բարձր մակարդակը վկայում է օրգանիզմում ճարպային փոխանակության խանգարման մասին: Հաճախ խոլեսթերինի բարձր ցուցանիշ հանդիպում է մեծ քանակով հագեցած ճարպեր օգտագործող անձանց մոտ: Ճարպային նյութափոխանակության խանգարմանը նպաստում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր պարունակող սննդակարգը: Հագեցած ճարպեր առավել շատ պարունակում են կենդանական ծագման ճարպերը: Նպաստող հանգամանք է նաև հիպոդինամիան:
15. Ի՞նչ ախտանիշների հիման վրա կարելի է հասկանալ, որ խոլեսթերինի մակարդակը բարձր է:
Խոլեսթերինի բարձր մակարդակը սրտանոթային համակարգի այլ ռիսկի գործոնների առկայության պարագայում հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, վաղաժամ տարածուն աթերոսկլերոզի: Խոլեսթերինը նստվածք է տալիս անոթների պատերին և նեղացումների պատճառ դառնում: Աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության հետևանքները զարկերակային թրոմբոզներն են և թիրախ- օրգանների սնուցման, արյան մատակարարման սուր կամ քրոնիկական խանգարումները:
Գոյություն ունեն մի քանի արտաքին ախտանիշներ, որոնցով կարելի է ենթադրել, որ տվյալ անձի մոտ կա խոլեսթերինի բարձր մակարդակ: Դրանք հիմնականում քսանտելազներն են՝ խոլեսթերինի կուտակումները կոպերի, արմունկների, երբեմն` շուրթերի, ծնկների շրջանում և այլն: Քսանտելազները դեղնավուն, հարթ, հստակ եզրերով ենթամաշկային գոյացություններ են:
16. Ի՞նչ անել, եթե խոլեսթերինի մակարդակը բարձր է:
Պետք է հետևել սննդակարգին. նվազեցնել հագեցած ճարպերի քանակը սննդակարգում (յուղոտ միս, կարագ, յուղոտ կաթնամթերք և այլն), նվազեցնել քաշը, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, քանի որ խոլեսթերինն այրելու ամենաֆիզիոլոգիական ճանապարհը ֆիզիկական ակտիվության բարձրացումն է: Եթե նշված միջոցառումներն անարդյունավետ են, նշանակվում են խոլեսթերինն իջեցնող դեղեր` ստատիններ:
17. Ինչպե՞ս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:
Սրտանոթային հիվանդությունները կանխարգելել հնարավոր է առողջ ապրելակերպ վարելով. չծխել, պահպանել մարմնի նորմալքաշը, ֆիզիկական ակտիվությունը, չչարաշահել ածխաջրերը, կենդանական ծագման ճարպերը, խուսափել ալկոհոլի, աղի չարաշահումից: Սրանք կենսակերպի հիմնական պայմաններն են, որոնք կօգնեն կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:
18. Ո՞ր սննդակարգի օգնությամբ կարելի է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները
Ամենաարդյունավետ սննդակարգն աշխարհում համարվում է Միջերկրական ծովի ավազանի սննդակարգը, ոը ներառում է մեծ քանակի ձիթապտուղ, ծովամթերք, միրգ, բանջարեղեն և կենդանական ծագման հագեցած ճարպերի քիչ քանակություն, նաև քիչ քանակության ածխաջրեր, սահմանափակ քանակի կերակրի աղ: Կերակրի աղի չարաշահումը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացումներին:
19. Ի՞նչ սննդակարգ ընդունել ինֆարկտից հետո:
Ինֆարկտից հետո հարկ է հետևել ստորև ներկայացված սննդակարգին:
Սահմանափակել կենդանական ծագման ճարպերը, շաքարի, սպիտակ հացի, հացամթերքի ընդունումը: Սննդի մեջ ավելացնել ոչ հագեցած ճարպերի քանակը. ցանկալի է ձիթապտղի, եգիպտացորենի, կտավատի ձեթի օգտագործումը: Հնարավորին օգտագործել շատ ծովամթերք և սահմանափակել կերակրի աղի օգտագործումը: Զգալի սահմանափակել ալկոհոլի ընդունումը` 50 մլ մաքուր սպիրտի հաշվարկով: Ապացուցված է, որ կարմիր, դառը գինին կանխում է վաղաժամ աթերոսկլերոզի առաջացումը և դրա հետ կապված` սրտի իշեմիկ հիվանդության վաղաժամ զարգացումը: Սուրճը շատ օգտակար է, բայց պետք չէ չարաշահել:
20. Ի՞նչ սննդակարգ ընդունել, եթե ախտորոշված է հիպերտոնիկ հիվանդություն:
Սննդակարգը նույնն է, ինչ սրտային այլ հիվանդությունների ժամանակ. սահմանափակել կերակրի աղը, հագեցած ճարպերը, ալկոհոլի ընդունումը, դյուրամարս ածխաջրերի ընդունումը, որոնցով հարուստ են քաղցրավենիքը, սպիտակ հացը, հացամթերքը՝ մակարոնեղենը, բրինձը և այլն: Սննդակարգը պետք է հարստացնել ոչ հագեցած ճարպրով, ծովամթերքով, բջջանք պարունակող սննդամթերքով։