Saturday, April 27, 2024
News

Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ վերջին երկու-երեք տարիներին էական է եղել կենսաթոշակառուների առցանց դիմումների հիման վրա իրավունքի իրացման հնարավորության ներդրումը։

Ըստ այդմ՝ անձը պարտականություն չունի ներկայանալու որևէ պետական մարմին․ առցանց դիմումի հիման վրա կարելի է փոխել կենսաթոշակի վճարման եղանակը, ինչպես նաև աշխատող անձի դիմելու դեպքում՝ իրականացնել դրա վերահաշվարկը։

«Առցանց համակարգը ներդրվում է, ընդհանուր առմամբ, այն դեպքերում, երբ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է քաղաքացու իրավունքների իրացման համար, պետական մարմնի կողմից արդեն իսկ տիրապետվում է։ Մինչև համակարգի ներդրումը, մասնավորապես կենսաթոշակի վերահաշվարկի համար պահանջվում էր ներկայանալ՝ բերելով փաստաթղթեր գործատուից, իսկ այժմ այդ գործընթացը հնարավոր է անել առցանց կամ տարածքային բաժին ներկայացնելով դիմում, որը պարտադիր պայման է իրավունքի իրացման համար։ Այս պարագայում մենք հնարավորություն ունենք աշխատանքային գործունեության մասին տեղեկատվություն հարկային մարմնի կողմից վարվող բազայից»,-ներկայացրեց Գալստյանը՝ հավելելով, որ այժմ առցանց դիմումով, առանց տարածքային բաժին ներկայանալու, հնարավոր է փոխել նաև բանկը, որի միջոցով  վճարվում է կենսաթոշակը։

Ըստ Անահիտ Գալստյանի՝ ներկայում կենսաթոշակային ապահովության ոլորտում լուրջ բարեփոխումների նախագիծ է մշակվում, որի մասին հնարավոր կլինի հստակ խոսել վերջնական տեսքի բերելուց և միայն համապատասխան հարթակում հրապարակումից հետո։

Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների առանձնահատկություններին՝ վարչության պետը մանրամասնեց, որ դրանով կարգավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների նշանակման ընթացակարգի խնդիրը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կենսաթոշակառուները հաճախ են բարձրաձայնում կենսաթոշակների վճարման մասին, մինչդեռ օրենսդրությամբ այն կարող է  վճարվել, եթե նշանակվել է ՀՀ-ում։

«Մենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ընթացակարգերն ենք փորձել պարզեցնել, որպեսզի կարողանանք շուրջ 30 հազար մարդու կենսաթոշակ նշանակել՝  մեկ-երկու ամսվա ընթացքում։ Համեմատության համար ասեմ, որ նույնքան կենսաթոշակ ՀՀ-ում տարեկան էինք նշանակում։ Մենք չենք կարող նրանց ասել՝ սպասեք մեկ տարվա ընթացքում կնշանակենք»,-պարզաբանեց Գալստյանը՝ ավելացնելով, որ  այժմ հնարավորություն է տրվել հեշտ և արագ ընթացակարգերով կենսաթոշակ նշանակել բռնի տեղահանված այն անձանց, ովքեր իրենց կենսաթոշակային իրավունքն արդեն իրացրած են եղել ԼՂ-ում։

Մանրամասները՝ Podcastում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook