Saturday, April 27, 2024
NewsHealthy lifestyle

Համեմատած ընկույզի այլ տարատեսակների հետ՝ շագանակն ավելի ցածր կալորիականություն ունի, ավելի քիչ ճարպեր ու ավելի շատ ածխաջրեր

Ինչքան սիրուն պատմություններ կան բոված շագանակների «մասնակցությամբ»։ Ամանորի նախաշեմին ձմեռային երեկոները ջերմացնող այդ համեղությունները տեղ են գտել Անդերսենի, Դիկենսի, Ռոդարիի ստեղծագործություններում՝ ձեռք բերելով ռոմանտիկ նրբերանգներ։ Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք դրսում՝ ձմռան ցրտին ձեռքերում պահել տաք շագանակներ, որոնց վրա թափվող ձյունը վայրկենաբար հալվում է՝ մի փոքր սփոփելով միաժամանակ այրվող ու սառչող ձեռքերի վիճակը: Եթե դեռ ոչ, ապա փորձեք՝ իհարկե, ցանկալի կլինի այն ժամանակ, երբ կսկսի ձյուն տեղալ ու մեր երկրի տարբեր անկյուններում բարի տատիկները կորոշեն բոված շագանակներ վաճառել։ Իսկ մինչ այդ փորձենք պարզել, թե ինչ օգտակար հատկություններով են առանձնանում շագանակները՝ գրական հերոսներ լինելուց զատ։

Համեմատած ընկույզի այլ տարատեսակների հետ՝ շագանակն ավելի ցածր կալորիականություն ունի, ավելի քիչ ճարպեր ու ավելի շատ ածխաջրեր, ինչպես նաև մեծ քանակությամբ բջջանյութ։ Շագանակը, մասնավորապես, պարունակում է պղինձ, մանգան, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, վիտամին B6, В5 և В3, ռիբոֆլավին, թիամին, ֆոլատ, վիտամին С, К և այլն։ Շագանակի կազմում պարունակվում են առողջության համար կարևոր այս հակաօքսիդանտները՝ վիտամին C, գալաթթու, էլլագաթթու, տանիններ, ալկալոիդներ, պոլիֆենոլներ, լյուտեին, զեաքսանտին։ Վերջին երկու հակաօքսիդանտները կուտակվում են աչքի ցանցաթաղանթում՝ պաշտպանելով այն վնասվածքներից։ Գալաթթուն և էլլագաթթուն օգնում են նվազեցնել սրտի հիվանդությունների, ինսուլինառեզիստենտության զարգացման վտանգը։ Սրտի առողջությանը, զարկերակային ճնշման կարգավորմանը շագանակը նպաստում է նաև իր կազմում առկա կալիումի շնորհիվ։ Շագանակի կազմում պարունակվող ֆլավոնոիդներն ու դաբաղող նյութերը նպաստում են NF-κB և MAPK բորբոքային ազդակների ճնշմանը։ Ինչպես նշվեց, շագանակը բջջանյութի հրաշալի աղբյուր է, իսկ բջջանյութն անհրաժեշտ է մարսողության, աղիների միկրոֆլորայի համար։ Այն գործում է որպես պրեբիոտիկ՝ սննդի աղբյուր աղիներում ապրող օգտակար բակտերիաների համար, որոնք, ֆերմենտացնելով բջջանյութը, արտադրում են տարատեսակ միացություններ, այդ թվում՝ կարճ շղթայական ճարպաթթուներ։ Կարճ շղթայական ճարպաթթուները նպաստում են աղիների առողջությանը, նվազեցնում բորբոքումն ու կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը։ Բջջանյութն օգնում է նաև քաշի կարգավորման հարցում, քանի որ հագեցածության զգացում է ապահովում՝ թույլ տալով ավելի քիչ կալորիաներ օգտագործել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բջջանյութով սննդի օգտագործումը ավելացնում է այն հորմոնների արտադրությունը, որոնք օգնում են զսպել ախորժակը՝ ճնշելով քաղցի հորմոնի՝ գրելինի արտադրությունը։ Շագանակները կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում, պարզապես հում վիճակում դրանք ավելի հարուստ են դաբաղող նյութերով, որոնք կարող են մարսողական խնդիրներ առաջացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/12/12/1388062/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook