Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Oդի ավազանի աղտոտվածությունը համարվում է «անտեսանելի կիլլեր»

Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ  և արդիական է բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով աշխարհի բնակչության գրեթե 93 տոկոսը չի շնչում մաքուր օդ։ Մարդու օրգանիզմում չկա որևէ համակարգ, որի վրա չի անդրադառնում օդի աղտոտվածությունը։  ԱՀԿ-ն  օդի ավազանի աղտոտվածությունը համարում է «անտեսանելի կիլլեր», քանի որ այն, ինչ տեսանելի է, դրա դեմ պայքարում ենք, իսկ այն, ինչ չենք տեսնում՝ դրան նշանակություն չենք տալիս։

Այս կարևոր թեմայի շուրջ  «Արմենպրես»-Podcast-ի շրջանակում  զրուցել ենք ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։

Երևանն օդի աղտոտվածության մակարդակով մշտապես գլխավորել է Հայաստանի քաղաքների ցանկը, բայց վերջին տարիներին  իրավիճակը սրվել է։ Հիմնականում մայրաքաղաքի օդն աղտոտում են տրանսպորտն ու շինարարության աճող ծավալները։ Ընդ որում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը ծայրահեղ բարձր մակարդակի է հասնում ամռանն ու ձմռանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  ներկայացրել է  Երևանի օդի աղտոտվածության վիճակը մայիս ամսին:  Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ, ազոտի երկօքսիդինը ՝ 1.2 անգամ:

Մթնոլորտի աղտոտման թեման նոր չէ, բնապահպանները բազմիցս բարձրաձայնել են այդ խնդիրը։  Այս ամենին  գումարվում են հավելյալ գործոններ։ Օրինակ՝ աղբավայրում հրդեհի և ծխի  հետևանքով մթնոլորտ կարող են արտանետվել վնասակար շատ աղտոտիչ նյութեր, ինչպես օրինակ՝ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ, որոնք վնասակար են մարդու առողջությանը և կյանքին։  Շատ ավելի խոցելի են այն մարդիկ, ովքեր ունեն շնչառական, սրտանոթային համակարգի, բրոնխիալ  ասթմա և այլ խրոնիկ հիվանդություններ։

Ինչպե՞ս հնարավորինս պաշտպանվել այս ամենից։  Այս և այլ կարևոր մանրամասներ և խորհուրդներ լսեք Podcast-ում։

Տաթև Զաքարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook