Среда, 4 декабря, 2024
ՀայտարարություններНовости

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում:  Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, կանխարգելել, բուժել և, ի վերջո, վերացնել ՄԻԱՎ-ի համաճարակը բնակչության խոցելի խմբերի շրջանում` Կայուն զարգացման նպատակներին համահունչ:

Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019թ. ընթացքում: 1988թ. մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019թ. ընթացքում: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող և իր կարգավիճակն իմացող 2326 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումների գրեթե չի հանգեցրել (այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` այն ցածր է եղել 5%-ից): Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ` հնարավոր եղավ դեղեր հասցնել բուժում ստացող անձանց, ներառյալ` արտերկրում ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցներին:

Այսօր մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ կշարունակենք ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ` մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների
95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook