Այսօր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ հիմնադիր, վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է
Այսօր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է: Նրա ներդրումը Հայաստանում ակնաբուժության կայուն զարգացման, գիտական նվաճումների գործում բացառիկ է, անօրինակ ու անգնահատելի:
Ալեքսանդր Մալայանը 40 տարուց ավելի գործունեություն ծավալելով ակնաբուժության ոլորտում՝ կարծես դարձել է հայ ակնաբուժության հայրը, ով տարիներ շարունակ ղեկավարելով ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնը, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը՝ խթանել է դրանց զարգացումը և կրթել բազում սերունդներ: Պատահական չէ, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ՀՀ ակնաբուժության ոլորտի լավագույն կադրերի պատրաստման դարբնոցն է, Ալեքսանդր Մալայան ուսուցչի մեծ ընտանիքը: Այդ ամենը նրան հաջողվել է՝ շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո, մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը իր ղեկավարած ակնաբուժական կենտրոնի հիմնաքարն է:
Ալեքսանդր Մալայանի կողմից Հայաստանի ակնաբուժության կլինիկական պրակտիկայում առաջին անգամ ներդրվել են միկրովիրաբուժական նոր մեթոդներ, որոնք են՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, ֆակոէմուլսիֆիկացիա, մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/, վիտրեկտոմիա և այլն: Մինչև այսօր էլ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը քայլում է ժամանակակից ակնաբուժության զարգացումներին համընթաց, համարվում Հայաստանի միակ մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը՝ ներդնելով ժամանակակից բոլոր վիրահատական և բուժման մեթոդները:
Շնորհավորում ենք վաստակաշատ ակնաբույժ, մեծ ուսուցիչ, գիտնական, հոգով հավերժ երիտասարդ Ալեքսանդր Մալայանին՝ մաղթելով նրան առողջություն, մասնագիտական բազում հաջողություններ և երջանիկ կյանք՝ իր ստեղծած անսահման սիրո, բարության և անվերապահ հավատի աշխարհում: