Իմունականխարգելման եվրոպական շաբաթ (EIW22) Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն այցելել են պատվաստումային կետեր, երախտիքի խոսք ուղղել առողջապահության ոլորտի աշխատակիցներին՝ շնորհելով ԱՀԿ հատուկ մրցանակ:

Անահիտ Ավանեսյանը, Հանս Կլյուգեն, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում գտնվող պատվաստման սենյակներ։
Դոկտոր Կլյուգեն ծանոթացել է Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումներին, զրուցել բուժաշխատողների և փոքրիկների ծնողների հետ, ովքեր եկել էին իրենց պլանային պատվաստումները ստանալու:
Բարձր գնահատելով պլանային պատվաստումների ապահովման գործում առողջապահության նախարարության շարունակական ջանքերը` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը ևս մեկ անգամ շեշտել է պատվաստումային գործընթացի և դրան միտված աշխատանքների կարևորությունը:
COVID-19-ի դեմ պատվաստվող տարեցների հետ զրուցելիս Հանս Կլյուգեն նշել է. «Պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ են։ Պատվաստվելը չափազանց կարևոր է, քանի որ այդպես դուք պաշտպանում եք Ձեզ, այլ մարդկանց, ինչպես նաև ձեր անձնական ներդրումն եք ունենում Հայաստանին օգնելով իր կարևոր ռազմավարական նպատակին հասնելու՝ ընդհանուր առմամբ COVID-19 պատվաստումների ծածկույթն ավելացնելու գործում»:
Գնահատելով բուժաշխատողների շարունակական նվիրվածությունն ու հանձնառությունը՝ մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը Հայաստանում և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում բարելավելու գործում, դոկտոր Կլյուգեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և նրա միջոցով Հայաստանի բոլոր բուժաշխատողներին պաշտոնապես հանձնել է 2021 թվականին շնորհված Առողջապահության և խնամքի աշխատողների միջազգային մրցանակը:
Դոկտոր Կլյուգեն ընդգծել է, որ մրցանակը բուժաշատողների անմնացորդ նվիրվածության, այդ թվում նաև վերջին երկու տարվա ընթացքում COVID-19 համավարակին արձագանքի շրջանակում գնահատանքի և երախտագիտության նշան է: Նա ընդգծել է բուժաշխատողների համար լուրջ ներդրումներ կատարելու հրատապ անհրաժեշտությունը՝ առողջության, աշխատատեղերի և տնտեսական զարգացման ոլորտներում ընդհանուր առաջընթացներ ունենալու համար:


