Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով հիվանդների քանակը կհասնի մոտ 250 մլն-ի: Լուրջ խնդիր է նաև շաքարախտի հետ կապված ուշ բարդությունների առաջացումը:
Շաքարախտի ուշ զարգացող բարդություններում առաջնային տեղ է գրավում, այսպես կոչված, «դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշը: Քսան տարուց ավելի շաքարային դիաբետով տառապող մարդկանց գրեթե 80 տոկոսի մոտ առաջանում են ուշ բարդություններ՝ կապված օրգան-համակարգերի ախտահարումների հետ՝ սիրտ-անոթային, երիկամային, լյարդային և այլն: Ընդհանրապես, ամպուտացիաների մոտավորապես 40-70 տոկոսը կատարվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, հատկապես՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով տառապողների:
Դիաբետիկ ոտնաթաթը համախտանիշը ներառում է նյարդային, մկանային, ոսկրա-հոդային, անոթային համակարգերի ախտահարումը:
Քանի որ դա լուրջ բարդություն է և լուրջ սոցիալ-բժշկական խնդիր, ուստի այն դիտվում է որպես առանձին հիվանդություն:
Ի՞նչ գործոններ են նպաստում համախտանիշի զարգացմանը:
Հիմնականում հիվանդների 30 և ավելի տոկոսի, որոշ դեպքերում՝ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ, ի վերջո, զարգանում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ: Դա տարածված է նաև Հայաստանում, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով.
Առաջինն պատճառն այն է, որ շաքարախտով հիվանդները ոչ բոլոր դեպքերում են գտնվում պատշաճ հսկողության ներքո, անհրաժեշտ չափով չեն հետևում իրենց սննդակարգին, արյան մեջ գլյուկոզայի քանակին և ժամանակին չեն ստանում ինսուլինաթերապիա: Հիվանդանոց ընդունված դիաբետիկ ոտնաթաթով հիվանդերի մոտ շատ հաճախ գլյուկոզան արյան մեջ լինում է մինչև 35-40 միավոր: Խիստ կարևոր նշանակություն ունի այդ հիվանդների համար նաև ոտնաթաթի խնամքը, որի բացակայությունը ևս նպաստում է համախտանիշի առաջացմանը:
Որո՞նք են դիաբետիկ ոտնաթաթի ախտանշանները և բարդությունները:
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը վտանգավոր է այն ժամանակ, երբ ոտնաթաթի տարբեր հատվածներում՝ մատներին, թիկնային կամ ներբանային մակերեսներին առաջանում են վարակված վերքեր, որոնք չբուժվելու դեպքում կարող են վերջույթների ամպուտացիայի պատճառ դառնալ:
Ամպուտացիայի ենթարկված հիվանդները 20 տոկոս դեպքերում՝ մոտավորապես 2-3 տարի հետո, կորցնում են նաև մյուս ոտքը, եթե շարունակում են մնալ բարձիթողի վիճակում: Հիմնականում դիաբետիկ ոտնաթաթն արտահայտվում է մեկ ոտքում, բայց երբեմն լինում է երկու ոտնաթաթի միաժամանակյա ախտահարում, որը նույնպես բարձիթողի վիճակի արդյունք է:
Այս հիվանդների մոտ մահվան տոկոսը բավականին բարձր է՝ 20 տոկոսից ավելի: Մահվան հիմնական պատճառը ծանր ինտոքսիկացիան է, որի ժամանակ ախտահարվում են համարյա բոլոր օրգան-համակարգերը և հիվանդները հիմնականում մահանում են հետվիրահատական առաջին մի քանի օրվա ընթացքում:
Որո՞նք են բարդություններին նպաստող պատճառները:
Բուժման հարցում կարևոր նշանակություն ունի ժամանակին բժշկին դիմելը: Հաճախ ուշ դիմելու պատճառներից է այն, որ դիաբետիկ ոտնաթաթին ուղեկցում է դիաբետիկ նեյրոպաթիան՝ նյարդային համակարգի ախտահարումը և զգացողության նվազումը, որի հետևանքով շատ հաճախ ցավային համախտանիշը բացակայում է: Եվ, քանի որ հիվանդը ցավ չի զգում, նա իր վիճակի ծանրությունը հասկանում է միայն այն ժամանակ, երբ ամբողջ ոտնաթաթն արդեն ախտահարված է, զարգացած են ինտոքսիկացիայի նշաններ, և ամպուտացիայից խուսափելն այլևս անհնարին է:
Ժամանակին դիմելու, ճիշտ բուժօգնության դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել անգամ վերքային մակերեսի առկայության ժամանակ:
Այս դեպքերում բուժման հիմնական նպատակը վերջույթը պահպանելն է՝ վերջույթը խնայող միջամտություններով:
Ի՞նչ մեխանիզմով է զարգանում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Դիաբետիկ ոտնաթաթով հիվանդների մոտավորապես 80 տոկոսից ավելի դեպքերում լինում է նաև անոթների ախտահարում՝ դիաբետիկ միկրո- և մակրոանգիոպաթիա: Վերքերը հիմնականում առաջանում են մակրոանգիոպաթիայի ժամանակ, երբ վերջույթը սնուցող մագիստալ հիմնական զարկերակները խցանված են տարբեր սեգմենտներում: Խցանումները սովորաբար լինում են աճուկային ծալքից ներքև՝ ազդր-ծնկափոս-սրունքային սեգմենտներում: Եթե արդեն առակ են վերքեր, շատ կարևոր է արյան շրջանառության վերականգնումը, այսինքն, զարկերակների ռեկանալիզացիան՝ սնուցումը վերականգնելը, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերքերի ապաքինման համար:
Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:
Բուժման ներառում է կոնսերվատիվ, վիրահատական և խառը մոտեցումներ: Կոնսերվատիվ բուժման դեպքում անցկացվում է հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն բուժում: Առաջնահերթը շաքարային դիաբետի կոմպենսացիան է՝ ինսուլինաթերապիան: Այդ պատճառով զուգահեռ աշխատում ենք էնդոկրինոլոգների հետ:
Ներկայում իրականացվում են ժամանակակից վիրաբուժական միջամտություններ: Դիաբետիկ ոտնաթաթի ժամանակ սովորաբար խուսափում են բաց վիրահատություններից, քանի որ վերքերի և ինտոքսիկացիայի առկայության դեպքում, պրոթեզավորման կամ շունտավորման ժամանակ վարակի և վերքերի երկրորդային լավանալու հավանականությունը մեծանում է: Այդ է պատճառը, որ մեզ մոտ լայնորեն կիրառվում են ռենտգեն-ներանոթային (էնդովասկուլյար) վիրահատությունները, երբ իրականացվում է ախտահարված անոթային սեգմենտի ստենտավորում կամ բալոնային անգիոպլաստիկա: Դրանից հետո՝ երկրորդ էտապում, կատարվում է այդ վերքերի կոմպլեքս բուժում՝ վիրաբուժական մշակում՝ նեկրէկտոմիաներ, ֆլեգմոնայի բացում, երբեմն նաև որոշ սեգմենտների, մատների ամպուտացիա:
Այդպիսով, զուգակցելով վիրաբուժական էնդովասկուլյար միջամտությունը, վերքերի վիրաբուժական մշակումը կոնսերվատիվ բուժման հետ, շատ լավ արդյունքներ ենք ունենում:
Ինչպե՞ս կանխարգելել:
Հիվանդությունների կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Նույնը վերաբերում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշին:
Բարդությունները կանխելու համար շաքարային դիաբետով հիվանդները պետք է լինեն հսկողության տակ: Առաջին հերթին, պետք է կոմպենսացված լինի գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ուստի անհրաժեշտ է ինսուլինաթերապիայի ճիշտ ընտրություն իրականացնել:
Երկրորդ տեղում ոտնաթաթերի ճիշտ խնամքն է՝ ամենօրյա հիգիենան:
Երրորդը, ոտնաթաթերի վերքերի առաջացումից խուսափելու համար, ընդհանրապես շաքարային դիաբետով հիվանդների համար կարևոր է հարմարավետ կոշիկներ հագնելը, կոշիկների մեջ համապատասխան պաշտպանիչ միջոցների՝ սուպինատորների առկայությունը: Եթե արդեն կատարվել է վիրահատական միջամտություն և մատների ամպուտացիա, մեծ կարևորություն ունի օրթոպեդիկ կոշիկների կրումը: Ոչ հարմարավետ կոշիկների սեղմումը կարող է առաջացնել վերքեր, որոնք՝ հիվանդի ցավ չզգալու և նրա կողմից ուշ նկատվելու պատճառով, կարող են բավականին խորը ախտահարումների վերածվել:
Նյութը՝ armeniamedicalcenter.am