Wednesday, May 1, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով հիվանդների քանակը կհասնի մոտ 250 մլն-ի: Լուրջ խնդիր է նաև շաքարախտի հետ կապված ուշ բարդությունների առաջացումը:

Շաքարախտի ուշ զարգացող բարդություններում առաջնային տեղ է գրավում, այսպես կոչված,  «դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշը:  Քսան տարուց ավելի շաքարային դիաբետով տառապող մարդկանց գրեթե 80 տոկոսի մոտ առաջանում են ուշ բարդություններ՝ կապված օրգան-համակարգերի ախտահարումների հետ՝ սիրտ-անոթային, երիկամային, լյարդային և այլն: Ընդհանրապես, ամպուտացիաների մոտավորապես 40-70 տոկոսը կատարվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, հատկապես՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով տառապողների:

Դիաբետիկ ոտնաթաթը համախտանիշը ներառում է նյարդային, մկանային, ոսկրա-հոդային, անոթային համակարգերի ախտահարումը:

Քանի որ դա լուրջ բարդություն է և լուրջ սոցիալ-բժշկական խնդիր, ուստի այն դիտվում է որպես առանձին հիվանդություն:

Ի՞նչ գործոններ են նպաստում համախտանիշի զարգացմանը:

Հիմնականում հիվանդների 30 և ավելի տոկոսի, որոշ դեպքերում՝ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ, ի վերջո, զարգանում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ: Դա տարածված է նաև Հայաստանում, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով.

Առաջինն պատճառն այն է, որ շաքարախտով հիվանդները ոչ բոլոր դեպքերում են գտնվում պատշաճ հսկողության ներքո, անհրաժեշտ չափով չեն հետևում իրենց սննդակարգին, արյան մեջ գլյուկոզայի քանակին և ժամանակին չեն ստանում ինսուլինաթերապիա:  Հիվանդանոց ընդունված դիաբետիկ ոտնաթաթով հիվանդերի մոտ շատ հաճախ   գլյուկոզան արյան մեջ լինում է մինչև 35-40 միավոր: Խիստ կարևոր նշանակություն ունի այդ հիվանդների համար նաև ոտնաթաթի խնամքը, որի բացակայությունը ևս նպաստում է համախտանիշի առաջացմանը:

 

Որո՞նք են դիաբետիկ ոտնաթաթի ախտանշանները և բարդությունները:

 

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը վտանգավոր է այն ժամանակ, երբ ոտնաթաթի տարբեր հատվածներում՝ մատներին, թիկնային կամ ներբանային մակերեսներին առաջանում են վարակված վերքեր, որոնք չբուժվելու դեպքում կարող են վերջույթների ամպուտացիայի պատճառ դառնալ:

Ամպուտացիայի ենթարկված հիվանդները 20 տոկոս դեպքերում՝ մոտավորապես 2-3 տարի հետո, կորցնում են նաև մյուս ոտքը, եթե շարունակում են մնալ բարձիթողի վիճակում: Հիմնականում դիաբետիկ ոտնաթաթն արտահայտվում է մեկ ոտքում, բայց երբեմն լինում է երկու ոտնաթաթի միաժամանակյա ախտահարում, որը նույնպես բարձիթողի վիճակի արդյունք է:

Այս հիվանդների մոտ մահվան տոկոսը բավականին  բարձր է՝ 20 տոկոսից ավելի: Մահվան հիմնական պատճառը ծանր ինտոքսիկացիան է, որի ժամանակ ախտահարվում են համարյա բոլոր օրգան-համակարգերը և հիվանդները հիմնականում մահանում են հետվիրահատական առաջին մի քանի օրվա ընթացքում:

Որո՞նք են բարդություններին նպաստող պատճառները:

Բուժման հարցում կարևոր նշանակություն ունի ժամանակին բժշկին դիմելը: Հաճախ ուշ դիմելու պատճառներից է այն, որ դիաբետիկ ոտնաթաթին ուղեկցում է դիաբետիկ նեյրոպաթիան՝ նյարդային համակարգի ախտահարումը և զգացողության նվազումը, որի հետևանքով շատ հաճախ ցավային համախտանիշը բացակայում է:  Եվ, քանի որ հիվանդը ցավ չի զգում, նա իր վիճակի ծանրությունը հասկանում է միայն այն ժամանակ, երբ ամբողջ ոտնաթաթն արդեն ախտահարված է, զարգացած են ինտոքսիկացիայի նշաններ, և ամպուտացիայից խուսափելն այլևս անհնարին է:

Ժամանակին դիմելու, ճիշտ բուժօգնության դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել անգամ վերքային մակերեսի առկայության ժամանակ:

Այս դեպքերում բուժման հիմնական նպատակը վերջույթը պահպանելն է՝ վերջույթը խնայող միջամտություններով:

Ի՞նչ մեխանիզմով է զարգանում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Դիաբետիկ ոտնաթաթով հիվանդների մոտավորապես 80 տոկոսից ավելի դեպքերում լինում է նաև անոթների ախտահարում՝ դիաբետիկ միկրո- և մակրոանգիոպաթիա:  Վերքերը հիմնականում առաջանում են մակրոանգիոպաթիայի ժամանակ, երբ վերջույթը սնուցող մագիստալ հիմնական զարկերակները խցանված են տարբեր սեգմենտներում: Խցանումները սովորաբար լինում են աճուկային ծալքից ներքև՝ ազդր-ծնկափոս-սրունքային սեգմենտներում: Եթե արդեն առակ են վերքեր, շատ կարևոր է արյան շրջանառության վերականգնումը, այսինքն, զարկերակների ռեկանալիզացիան՝ սնուցումը վերականգնելը, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերքերի ապաքինման համար:

Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:

Բուժման ներառում է կոնսերվատիվ, վիրահատական և խառը մոտեցումներ: Կոնսերվատիվ բուժման դեպքում անցկացվում է հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն բուժում: Առաջնահերթը շաքարային դիաբետի կոմպենսացիան է՝ ինսուլինաթերապիան: Այդ պատճառով զուգահեռ աշխատում ենք էնդոկրինոլոգների հետ:

Ներկայում իրականացվում են ժամանակակից վիրաբուժական միջամտություններ: Դիաբետիկ ոտնաթաթի ժամանակ սովորաբար խուսափում են բաց վիրահատություններից, քանի որ վերքերի և ինտոքսիկացիայի առկայության դեպքում, պրոթեզավորման կամ շունտավորման ժամանակ վարակի և վերքերի երկրորդային լավանալու հավանականությունը մեծանում է: Այդ է պատճառը, որ մեզ մոտ լայնորեն կիրառվում են ռենտգեն-ներանոթային (էնդովասկուլյար) վիրահատությունները, երբ իրականացվում է ախտահարված անոթային սեգմենտի ստենտավորում կամ բալոնային անգիոպլաստիկա: Դրանից հետո՝ երկրորդ էտապում, կատարվում է  այդ վերքերի կոմպլեքս բուժում՝ վիրաբուժական մշակում՝ նեկրէկտոմիաներ, ֆլեգմոնայի բացում, երբեմն նաև որոշ սեգմենտների, մատների ամպուտացիա:

Այդպիսով, զուգակցելով վիրաբուժական էնդովասկուլյար միջամտությունը, վերքերի վիրաբուժական մշակումը կոնսերվատիվ բուժման հետ, շատ լավ արդյունքներ ենք ունենում:

Ինչպե՞ս կանխարգելել:

Հիվանդությունների կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Նույնը վերաբերում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշին:

Բարդությունները կանխելու համար շաքարային դիաբետով հիվանդները պետք է լինեն հսկողության տակ: Առաջին հերթին, պետք է կոմպենսացված լինի գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ուստի անհրաժեշտ է ինսուլինաթերապիայի ճիշտ ընտրություն իրականացնել:

Երկրորդ տեղում ոտնաթաթերի ճիշտ խնամքն է՝ ամենօրյա հիգիենան:

Երրորդը, ոտնաթաթերի վերքերի առաջացումից խուսափելու համար, ընդհանրապես շաքարային դիաբետով հիվանդների համար կարևոր է հարմարավետ կոշիկներ հագնելը, կոշիկների մեջ համապատասխան պաշտպանիչ  միջոցների՝ սուպինատորների առկայությունը: Եթե արդեն կատարվել է վիրահատական միջամտություն և մատների ամպուտացիա, մեծ կարևորություն ունի օրթոպեդիկ կոշիկների կրումը: Ոչ հարմարավետ կոշիկների սեղմումը կարող է առաջացնել վերքեր, որոնք՝ հիվանդի ցավ չզգալու և նրա կողմից ուշ նկատվելու պատճառով,  կարող են բավականին խորը ախտահարումների վերածվել:

Նյութը՝ armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook