Ռենտգենը հղիության ժամանակ
Հղի կինը պետք է շատ զգույշ լինի տարբեր հետազոտությունների նկատմամբ, ուշադրություն դարձնի հասանելիք ճառագայթմանը, դրա թույլատրելիությանը:
Ռենտգեն հետազոտությունը տեղեկատվական և կարևոր հետազոտություն է, սակայն այն կարող է ազդել կնոջ և պտղի ընդհանուր ռադիացիոն ֆոնի, բջիջների կիսման գործընթացի վրա, առաջացնել գենային մուտացիաներ և, անգամ, ուռուցքային աճ, պտղի արտամղում և այլն:
Ե՞րբ կարելի է հղիին նշանակել ռենտգեն հետազոտություն:
Հաճախ ռենտգենն օգտագործվում է հղիի ատամների բորբոքային խնդիրների դեպքում, քանի որ առկա վարակը կարող է տարածվել և ազդել պտղի վրա:
Ռենտգեն հետազոտությունը պարտադիր է նաև հղի կնոջ հենաշարժական համակարգի լուրջ խնդիրների, վնասվածքների (կոտրվածք, հոդախախտ) դեպքում: Ռենտգենագրաֆիայի ցուցում են նաև շնչառական համակարգի հիվանդությունները՝ տուբերկուլոզ, թոքաբորբ, թոքի քաղցկեղ:
Ռենտգեն հետազոտությունը հղիության վաղ ժամկետներում:
Ռենտգենագրաֆիան խիստ վտանգավոր է հղիության սկզբում՝ առաջին 2 ամսում: Այդ շրջանում պտղի մոտ ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և ամբողջ նյարդային համակարգը: 6 շաբաթականից հետո պտղի մոտ արատների զարգացման հավանականությունը ճառագայթման արդյունքում արդեն նվազագույն է:
Ըստ վտանգավորության, ռենտգեն հետազոտությունը կարելի է բաժանել 3 աստիճանի.
- Ռենտգեն՝ խիստ վտանգավոր հետևանքներով. ամենավտանգավոր համարվում է ողնաշարի, որովայնի խոռոչի և կոնքի ռենտգեն հետազոտությունը, որի ժամանակ ճառագայթներն անցնում են հենց պտղի միջով:
- Ռենտգեն՝ միջին վտանգավորության. այս խմբի մեջ մտնում է կրծքավանդակի, գլխի, վերջույթների և թոքերի ռենտգեն հետազոտությունը, երբ ճառագայթներն անմիջապես պտղին չեն հասնում, բայց, այնուամենայնիվ, կարող են ազդել նրա վրա:
- Ռենտգեն՝ նվազագույն ազդեցությամբ. այս խմբում են քթի և ատամների ռենտգենագրաֆիան, որը կատարվում է նվազագույն տարածքի ընդգրկմամբ:
Ըստ ընդունված նորմատիվների, ապագա մոր ստացած ռենտգեն ճառագայթումը պետք է չգերազանցի 1 միլիզիվերտը (մԶվ):
Ռենտգեն հետազոտությունների դեպքում ճառագայթումը կազմում է.
- կրծքավանդակի ռենտգեն` 0,3 մԶվ,
- վերջույթների ռենտգեն` 0,01 մԶվ,
- քթի ռենտգեն` 0,6 մԶվ,
- ատամների ռենտգեն` 0,02 մԶվ:
Ողնաշարի, կոնքի, որովայնի խոռոչի ռենտգենի դեպքում դոզան կազմում է 6-8 մԶվ:
Ռենտգեն հետազոտության արդյունքում հնարավոր բարդությունները
- Մինչև 2 շաբաթը կարող է վիժում առաջանալ:
- 4 շաբաթից հետո կարող է զարգանալ գլխուղեղի ախտաբանություն (միկրոցեֆալիա), առաջանալ դեղնուցապարկի, խորիոնի և ամնիոնի զարգացման խանգարումներ:
- 6-րդ շաբաթում ախտաբանական փոփոխություններ կարող են ի հայտ գալ մակերիկամներում, վահանագեղձում, ինչպես նաև կարող է խանգարվել պտղի հորմոնալ ֆոնը: Հնարավոր է սրտի արատի և լյարդի խնդիրների զարգացում:
- 7-րդ շաբաթում կարող են դիտվել իմունային համակարգի խանգարումներ:
- 8-րդ շաբաթում ճառագայթումն ազդում է մարսողական համակարգի և փայծաղի վրա:
- 9-րդ շաբաթում կարող է վտանգվել ձվարանների, բրոնխների և ատամների զարգացումը:
- 12-րդ շաբաթում հնարավոր է լեյկոզի, սակավարյունության զարգացում, կարող է խանգարվել ոսկրածուծի զարգացումը:
- Երկրորդ եռամսյակում վտանգված է միայն պտղի արյան շրջանառության համակարգը, կարող է զարգանալ անեմիա:
Եթե, այնուամենայնիվ, ռենտգենն անխուսափելի է հղիին
Պետք է աշխատել, որ ճառագայթումը հնարավորին հեռու լինի պտղից, անհրաժեշտ է հնարավորին պաշտպանվել ճառագայթներից պաշտպանիչ գոգնոցով:
Եթե ճառագայթումն իրականացել է, անհրաժեշտ է հետազոտությունից հետո անցնել ՈՒՁՀ, վստահ լինելու համար, որ պտղի մոտ ամեն ինչ կարգին է:
Երբեմն կինն անցնում է ռենտգեն հետազոտություն` չիմանալով, որ հղի է: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի և պարզել հղիության ընթացքը:
Սկզբնաղբյուր. morevmankan.am