Օվկիանոսի ջրի տաքացումը բերել է կորալների զանգվածային «սպիտակեցմանը» և ոչնչացմանը
Կորալային խութերը շատ ավելին են, քան պարզապես գունագեղ ստորջրյա էկոհամակարգեր։ Դրանք աջակցում են ձկնորսությանը, զարգացնում են զբոսաշրջությունը, պաշտպանում են ափամերձ շրջանները փոթորիկներից և նույնիսկ նպաստում են նոր դեղամիջոցների հայտնաբերմանը։ Դրանց օգուտները գնահատվում են տարեկան մոտ 9.8 տրիլիոն դոլար։
Գիտնականները հայտնում են, որ ծովային ջերմային ալիքների հետևանքով տեղի է ունեցել կորալների զանգվածային սպիտակեցում՝ վնասելով աշխարհի կորալային խութերի մոտ կեսը։ Սմիթսոնի ինստիտուտի գիտնականների գլխավորած միջազգային հետազոտական խումբը գնահատել է կորալների սպիտակեցման մասշտաբները ամբողջ աշխարհում։
Արդյունքները հրապարակվել են Nature Communications հեղինակավոր ամսագրում։
Կորալները գոյատևում են սերտ կենսաբանական համագործակցության շնորհիվ։ Խութի ներսում ապրում են մանրադիտակային ջրիմուռներ, որոնք օգտագործում են արևի լույսը և սնուցում կորալներին էներգիայով։ Երբ օվկիանոսի ջրի ջերմաստիճանը չափազանց բարձրանում է, այս բնական պրոցեսները խզվում են: Տևական ջերմային սթրեսը կարող է հանգեցնել կորալների զանգվածային մահացությանը:
Հետազոտողները իրականացրել են ավելի քան 15000 խութերի ուսումնասիրություններ: Արդյունքները ցույց են տալիս, որ խութերի 80%-ը ենթարկվել է միջին կամ բարձր աստիճանի սպիտակեցման, մինչդեռ կորալների 35%-ը ոչնչացել է:
Հետազոտված վայրերում ջերմային սթրեսի ազդեցության աստիճանը որոշելու նպատակով օգտագործվել են նաև արբանյակային տվյալները, որոնք ցույց են տալիս, որ աշխարհի կորալային խութերի ավելի քան 50%-ը ենթարկվել է սպիտակեցման, իսկ 15%-ը՝ ոչնչացել է։
![]()
Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակն այժմ ականատես է լինում «կորալների չորրորդ գլոբալ սպիտակեցմանը»։

