Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ.news.am

Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ՝ վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով կատարված հանրային առողջապահական ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով:

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը` AGU-ն, դատական հայց է ներկայացրել երկրում վաճառվող ծխախոտի մեծ մասն արտադրող երկու միջազգային ընկերությունների և դրանց բրազիլական մասնաճյուղերի դեմ: Հայցը նպատակ է հետապնդում փոխհատուցել ծխախոտ օգտագործելու կամ երկրորդային ծխի հետևանքով առաջացած 26 հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ծախսերը, ասել է AGU-ն իր հայտարարության մեջ:

Ծխախոտը Բրազիլիայում կանխարգելելի մահերի առաջնային պատճառն է: Ըստ Bloomberg Philanthropies-ի հայտարարության` այն հանդիսանում է հարակից հիվանդություններից տարեկան ավելի քան 156.000 մարդու մահվան պատճառ` առողջապահության համակարգում հանգեցնելով 14,1 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք 57 միլիարդ ռեալի ծախսերի:

 Պետությանը փոխհատուցման ենթակա գումարը կհաշվարկվի լրացուցիչ` հարավային Պորտո Ալեգրե քաղաքում հարուցված այս դատական գործը շահելու դեպքում, ասել է AGU-ն:

«Քանի որ նշված բիզնեսից ստացված շահույթն ուղարկվում է երկրից դուրս, արդար կլինի, որ նշյալ միջազգային ընկերությունները վճարեն իրենց կողմից Բրազիլիայի հանրությանը թողած պարտավորության դիմաց», – հայտարարության մեջ նշել է դատախազ Դեյվի Բրեսլերը:

Ծխախոտի օգտագործման նվազեցման ջատագովությամբ զբաղվող խմբերի կողմից այս դատական գործը որակվել է որպես պատմական:

«Այս դատական գործն իր տեսակի մեջ առաջինն է Բրազիլիայում և լուրջ քայլ է երկրում բիզնես գործունեություն ծավալող երկու խոշոր ծխախոտային ընկերություններին և դրանց հիմնադիր ընկերություններին` ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հսկա ֆինանսական և առողջական բեռի համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», – ասվել է «Առանց Ծխախոտի Երեխաներ» վաշինգտոնյան արշավում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ վարակիչ հիվանդությունների դեսպան Մայքլ Բլումբերգն ասել է, որ Բրազիլիան տարեկան մի քանի միլիարդ է ծախսում ծխախոտի հետ կապված հիվանդությունների բուժման համար և «ծխախոտ արտադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Միջազգային ընկերությունները, իրենց մասնաճյուղերի միջոցով, արտադրում են երկրում վաճառվող ծխախոտի մոտ 90%-ը, ասել է AGU-ն:

Նյութի աղբյուրը` med.news.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook