Ինչ ախտանշաններով կարող է դրսևորվել օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտը

Վիտամին B12-ը  մարդու օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի մակարդակի նվազել կարող է շատ վատ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Ջրում լուծվող այս տարրը, որը նաև անվանում են կոբալամին, կարևոր դեր է խաղում արյան կարբիր բջիջների ու ԴՆԹ-ի ստեղծման գործում, նպաստում է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքին, ինչպես նաև մասնակցում է մտավոր ու ֆիզիկական որոշ գործողություններին, ուստի զարմանալի չէ, որ դրա մակարդակի նվազումը դրսևորվում է մի շարք տհաճ ախտանշաններով, որոնք կարող են բավական անկանխատեսելի լինել։

Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայության մասնագետներին, այս վիտամինի դեֆիցիտը բավական տարածված խնդիր է, հատկապես տարեց մարդկանց շրջանում։ Լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կհուշեն օրգանիզմում վիտամին В12-ի դեֆիցիտի մասին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից ամենատարածվածները։

Լեզվաբորբ (գլոսիտ)

Լեզվաբորբը կամ գլոսիտը բավական տարածված ու ցավոտ խնդիր է, որի դեպքում լեզուն այտուցվում է ու ստանում կարմիր երանգ։ Բացի այդ, այս խնդրի դեպքում լեզուն դառնում է հարթ, քանի որ համի ընկալիչներ պարունակող փոքրիկ ելուններն այտուցվում են, ձգվում ու անհետանում։

Բացի այդ, վիտամին B12-ի դեֆիցիտի դեպքում հաճախ են նկատվում բերանի խոռոչի խոցեր, ուստի նման ախտանշաններ նկատելու դեպքում հարկավոր է ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը։

Նյարդաբանական ախտանշաններ

Այս վիտամինի մշտական դեֆիցիտի ամենավտանգավոր կողմնակի բարդություններից մեկը նյարդերի վնասվածքներն են։ Այս տարրը մետաբոլիկ ուղու կարևոր մասնակիցներից մեկն է, որի արդյունքում ձևավորվում է նյարդերը պաշտպանիչ շերտով պատող միելինը։ Առանց վիտամին B12-ի միելինն այլ կերպ է արտադրվում, և նյարդային համակարգը չի կարողանում ինչպես հարկն է աշխատել։ Նման դեպքերում խնդիրն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են ջղաձգումները, անհանգիստ ոտքերի համախտանիշը և տարատեսակ տհաճ զգացողությունները, այդ թվում՝ այրոցի կամ ծակծկոցի զգացողությունը։

Տեսողության խանգարումներ

Օրգանիզմում վիտամին B12-ի պակասի մասին հուշող ախտանշանների շարքին է դասվում նաև պատկերի աղոտությունն ու տեսողության վատթարացումը։ Բանն այն է, որ այս տարրի պակասը հանգեցնում է տեսողական նյարդի վնասման, ինչն էլ դառնում է նման ախտանշանների պատճառ։

Աստենիա

Թուլության կամ սաստիկ հոգնածության զգացումը ևս կարող է լինել խնդրի հնարավոր ախտանշաններից մեկը։ Գիտնականների խոսքով՝ նման զգացողությունները պայմանավորված են նրանով, որ վիտամին B12-ը չի բավականացնում ամբողջ օրգանիզմին թթվածին մատակարարող արյան կարմիր բջիջների ստեղծման համար։ Նման դեպքերում զարգանում է թթվածնաքաղց, ինչն էլ ուղեկցվում է աստենիայով։

Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննուն անցնել։ Միայն մասնագետը կկարողանա պարզել վիտամինի դեֆիցիտի պատճառն ու նշանակի անհրաժեշտ բուժումը խնդրից ազատվելու համար, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել կամ անտեսել խնդիրը։

Նյութը ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook