«Նախատեսում ենք ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ». Գայանե Սահակյան. 168.am

Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում շարունակում է լարված մնալ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, թեև Ամանորին շատ երկրներում խստացվել են սահմանափակումները, հակահամաճարակային միջոցառումները, սակայն գիտնականները կանխատեսում են, անգամ Covid 19-ի երրորդ ալիքի հնարավորությունը չեն բացառել:

Նա վստահեցրեց՝ մեզ մոտ նկատվում է համաճարակային իրավիճակի համեմատաբար կայունացում, դեպքայնության նվազում. «Հունվարի 12-ի դրությամբ ունենք վարակվածների ընդհանուր 162.643 դեպք, որից մահաբերությունն ընդհանուր վարակվածների մեջ կազմում է 1.8 տոկոս, այս պահին փաստացի բուժման մեջ են գտնվում մոտ 8300 հիվանդ: Դեպքերն առավել շատ գրանցվում են 55-60 և 30-35 տարեկանների շրջանում, իսկ երեխաներից առավել շատ դեպքերը 0-5 և 15-20 տարեկան միջակայքում է հիմնականում գրանցվում»:

Անդրադառնալով թեստերի քանակին՝ Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ առկա է բավարար քանակություն. «Խնդիր չունենք թեստերի. ուղղակի դեպքերի նվազման ֆոնին՝ դիմելիությունն է պակասել»:

Բանախոսը, սակայն, նշեց, որ ամանորյա տոներին բազմատեսակ շփումների և ուսումնական հաստատությունների վերաբացման փաստով առաջիկայում հնարավոր է համաճարակային իրավիճակի փոքր-ինչ ակտիվացում:

Քանի որ աշխարհում արդեն սկսվել են պատվաստումային գործընթացներ, նա նաև ներկայացրեց Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքները.

«Այս պահին մենք ունենք արդեն գործող պայմանագիր «Կովաքս ֆասիլիթի» նախաձեռնության հետ. նախատեսում ենք ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ` միայն ռիսկի խմբի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար:

Նախնական այս պահին բանակցությունները վարում ենք ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ, դրան զուգահեռ՝ նաև բանակցություններ ենք վարում արտադրողների հետ, և հնարավոր ներբերման որոշակի քանակություն՝ մինչև ընդհանուր քանակության ձեռքբերումը, մինչև հունվարի վերջը, փետրվարի առաջին կեսը կունենանք երկրում»:

Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում նաև ռուսական արտադրողի հետ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի, ինչպես նաև՝ այս պահին ամբողջ աշխարհում կիրառվող Pfizer-BioNTech, Moderna and AstraZeneca պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ՝ նկատելով, որ կարևորում են պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն էլ ներկայացրեց կարանտինի ժամկետի երկարաձգման նոր որոշման անհրաժեշտության հիմնավորումները. «Մեզ շրջապատող աշխարհում՝ ինչպես մեր ամենամոտ երկրներում, այնպես էլ՝ տարածաշրջանում, իրավիճակը շատ ավելի ծանր է, քան մեր երկրում»:

Նա նշեց, որ աշխարհում շատ խիստ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում. առկա են տնտեսական գործունեության սահմանափակումներ, պարետային ժամ, մուտքի-ելքի սահմանափակումներ.

«Մեր պարագայում, հիմք ընդունելով առկա համեմատաբար բարվոք համաճարակային իրավիճակը, որոշում կայացվեց երկարաձգել կարանտինի ժամկետը՝ հաշվի առնելով ամբողջ իրավիճակն աշխարհում և պոտենցիալ ռիսկը նաև դրսից ներբերման, որոշ մեղմացումներով:

Ինչ փոփոխություններ է արել կառավարությունը.

Նախ՝ երկարաձգվել է կարանտինի ժամկետը 6 ամսով՝ մինչև հուլիսի 11-ը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է մուտքի ռեժիմին. պետք է նշել, որ դեռևս նոյեմբերի 1-ից կառավարության նույն կարանտինի որոշման փոփոխություններով արդեն իսկ օդային ճանապարհով սահմանը հատելու համար փոխվել էր ռեժիմը և մտցվել էր մեկ պահանջ՝ 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ թեստի առկայությունն է՝ բացասական պատասխանով: Հիմա՝ այս որոշմամբ, որը երեկ ընդունվեց, այդ ռեժիմը տարածվում է նաև ցամաքային անցակետերի վրա:

Հաջորդ փոփոխությունը, որն արվել է այս որոշմամբ, մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները. այսինքն՝ մենք ունեինք որոշակի սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների՝ համերգներ, տոնախմբություններ, ինչպես նաև՝ հարսանիքներ, թաղումներ, նման տեսակի հավաքների ժամանակ առկա էր սահմանափակում մինչև 60 հոգի, երեկվա որոշմամբ այդ սահմանափակումը վերացվել է և այսուհետ այն չի գործի»:

Նունե Բակունցը շեշտեց, որ բոլորի համար ապացուցվեց, որ կարանտինի որոշմամբ և սահմանված համաճարակային նորմերով՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորության պահպանում և այլ միջոցառումներ, ցույց են տվել իրենց արդյունավետությունը:

Նյութը ` 168.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook