Պացիենտի աչքերով. կրծագեղձից բարորակ ուռուցքի հեռացում

Այս կամ այն վիրահատության կամ միջամտության մասին ընդհանուր տեղեկություններ ստանալն այսօր բավականին դյուրին է. համացանցում կարելի է բազմապիսի տեղեկատվություն գտնել: Սակայն նրանք, ովքեր պետք է վիրահատվեն, սովորաբար ցանկանում են տեղեկանալ ուրիշների փորձի մասին, որոնք անցել են դրանով:

«Պացիենտի աչքերով» նոր շարքում հենց պացիենտներն են պատմում վիահատությունների եւ միջամտությունների իրենց հուշերի մասին, որոնցով անցել են:

Այսօր Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը պատմում է կրծագեղձից բարորակ ուռուցքի հեռացման մասին:

Ես երկար ժամանակ չէի ցանկանում այցելել բժշկի

Ես երկար ժամանակ շոշափում էի կրքծագեղձում ինչ-որ գոյացություն, սակայն չէի կարող ստիպել ինքս ինձ այցելել բժշկի. կարծում էի, որ վախենալու ոչինչ չկա այդտեղ հավանաբար: Սակայն գոյացությունն անընդհատ մեծանում էր, եւ արդեն հասել էր շուրջ 5 սանտիմետրի: Դա 2013 թվականին էր, եւ այդ ժամանակ տեղեկատվությունն այն մասին, թե որքան կարեւոր է ժամանակին ախտորոշել հիվանդությունը, այնքան շատ չէր, որքան հիմա:

Մի օր հարազատներիս հաջողվել էր համոզել ինձ դիմել բժշկի: Եւ ես դա արեցի:

Մի շարք հետազոտություններից հետո պարզվել էր, որ կրծքագեղձում բարորակ ուռուցք է, որն իսկապես վնաս չէր ներկայացնում իմ առողջության համար: Սակայն քանի որ այն բավականին մեծ էր, որոշվել էր հեռացնել:

Անհրաժեշտ է մեկը, որը կկարողանա հանգստացնել

Այդ զգացողությունը հավանաբար ծանոթ է բոլորին կամ գրեթե բոլորին, ով անցել է ինչ-որ վիրահատություն. նշանակված օրվա նախօրեին պատրաստվում ես, ոչինչ չես ուտում եւ խմում, հավաքում իրերը, որոնք պետք է տանես հիվանդանոց: Եւ անհանգստանում ես, նյարդանում: Անձամբ ես շատ էի անհանգստանում՝ չնայած գիտեի, որ վիրահատությունն այնքան էլ բարդ չէ:

Այդպիսի պահերին կարեւոր է գտնել ինչ-որ մեկին, որը կօգնի հանգստանալ: Ինձ օգնել է ընկերներիցս մեկը: Մենք նրա հետ 1.5 ժամ զրուցել ենք հեռախոսով, եւ նրա շնորհիվ ես կարողացել եմ դուրս գալ այդ վիճակից եւ հանգստանալ:

Եթե դուք նյարդանում եք նախքան վիրահատությունը, զրուցեք ինչ-որ մեկի հետ: Դա կարող է լինել ընտանիքի անդամ, ընկեր կամ անգամ ձեր բժիշկը: Ոչ մի դեպքում մի փակվեք ձեր մեջ, խոսեք մտերիմների հետ, կիսվեք մտահոգություններով:

Իսկ բացասական նյութեր ձեզ սպասվող վիրահատության մասին ավելի լավ է չկարդալ. դրանք վատ են ազդում ձեր տրամարդության վրա: Եթե ցանկանում եք ավելի շատ տեղեկատվություն ստանալ վիրահատության մասին, կարդացեք միայն նորմալ, հուսալի ռեսուրսները:

Կարթնանա՞մ արդյոք

Վախերն ու անհանգստությունը ձեռք են բերում նոր ուժ, երբ արդեն հայտնվում ես վիրահատական սեղանին: Դու պառկած ես, նարկոզը դեռ չի ազդում, եւ գլխում սկսում են հայտնել տարօրինակ, տհաճ մտքեր, այդ թվում՝ կարթնանա՞մ արդյոք:

Երբ քեզ նակրոզ են անում, չես ուզում քնել, ուզում ես գիտակցության մեջ մնալ: Իհարկե, վաղ թե ուշ դու միեւնույն է քնում ես՝ անգամ չնկատելով:

Իմ վիրահատությունն արել են ընդհանուր նարկոզով, եւ այն տեւել է շուրջ 1.5 ժամ:

Կուրծքն ամուր կապված էր

Երբ ես արթնացա նարկոզից հետո, ինձ մոտեցավ անեստեզիլոգը, հարցրեց ինքնազգացողությունս: Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչպես է ամեն ինչ անցել, եւ ցանկանում էի տեսնել վիրահատության արդյունքները, սակայն կուրծքը շատ ամուր կապված էր: Ես փոքր-ինչ անհանգստանում էի, մտածում էի՝ պահպանե՞լ են արդյոք կուրծքը, ինչպես խոստացել էին:

Հաջորդ օրը վիրակապման ժամանակ ես համոզվեցի, որ վիրաբույժը հեռացրել էր միայն ուռուցքը: Այդ ժամանակ, վերջապես, ես հանգստացել էի: Սպին մեծ չէր եւ ժամանակի ընթացքում դարձել էր անտեսանելի:

Մի քանի օրից՝ աշխատանքի

Նույն օրն ինձ դուրս գրեցին հիվանդանոցից: Հաջորդ օրը ես եկա վիրակապման, իսկ արդեն մի քանի օր անց՝ վերադարձա աշխատանքի: Շարժունակությունը չէր տուժել. ես լավ էի ինձ զգում:

Որոշ ժամանակ անց ուժգին մրսել էի, եւ դա հանգեցրել էր որոշ բարդությունների, սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ վերականգնումն անցել է շատ հեշտությամբ: Ես պարզապես հետեւել եմ բժշկի խորհուրդներին եւ մշտապես կապի մեջ եղել նրա հետ: Ճիշտ է, հարկ է նշել, որ իմ վիրահատությունը բարդ չէր, իսկ բարդերից հետո մարդկանց պետք է ավելի շատ ժամանակ վերականգնվելու համար:

Ինչո՞ւ է այդքան կարեւոր դիմել բժշկի

Եթե այդ վիրահատությունը չլիներ, ես, ըստ ամենայնի, երբեք չէի բացի Europa Donna Armenia-ն: Միայն այդ դեպքից հետո ես սկսեցի հասկանալ, թե որքան կարեւոր է ժամանակին դիմել բժշկի: Չէ՞ որ, եթե ինձ մոտ ախտորոշվեր չարորակ ուռուցք բարորակի փոխարեն, հապաղումը կարող էր կյանքի գնով տրվել: Չէ՞ որ ուշացման դեպքում մեկ վիրահատությամբ հնարավոր չէր լինի բուժվել, անհրաժեշտ կլիներ քիմիոթերապիա, եւ ճառագայթային թերապիա

Սակայն այդ բոլոր խնդիրներից հնարավոր է խուսափել, եթե պարզապես ժամանակին դիմեք բժշկի եւ հայտնաբերեք ուռուցքը վաղ փուլում: Ցավոք, շատ մարդիկ առ այսօր չգիտեն դա եւ կարող են երկար հետաձգել մասնագետի այցելությունը:

Ես դասեր քաղեցի այդ դեպքից հետո, եւ երբ որոշ ժամանակ անց շոշափեցի ինչ-որ փոքր բան կրծքում, անմիջապես խուճապահար վազեցի բժշկի: Սոնոգրաֆիայի ժամանակ ասացի, որ շոշափել եմ կրծքում 0.2-սանտիմետրանոց ինչ-որ բան: Ամենազավեշտալին այն էր, որ ես շատ հստակ է պարզել դրա չափերը: Բարեբախտաբար պարզվել էր, որ վտանգավոր ոչինչ չկա, սակայն ստուգվելն ու դրանում համոզվելն իսկապես շատ կարեւոր էր:

Վիրահատությունից որոշ ժամանակ անց ես հիմնեցի Europa Donna Armenia-ն վաղ ախտորոշման կարեւորության մասին տեղեկատվությունը տարածելու համար: Ես չեմ հոգնում կրկնել, որ, եթե կինն ինչ-որ բան շոշափել է իր կրծքում եւ չի դիմել բժշկի, նա հանցագործություն է կատարում իր եւ իր ընտանիքի նկատմամբ:

Նյութը ` med.news.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook