Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում

Ամբողջ աշխարհում տարածված սուր շնչառական, սեզոնային վիրուսները և նորարարական տեխնոլոգիաները մեծ ազդեցությունն են թողնում քիթ-կոկորդ-ականջ օրգանների վրա: Չնայած նրան, որ շատ-շատեր ուշադրություն չեն դարձնում շնչառական վիրուսների, էկրանների և ականջակալների վատ հետևանքներին՝ այնուամենայնիվ, դրանք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան, ֆոնիատր Էլյա Մուրադյանի հետ անդրադարձել ենք ԼՕՌ խնդիրներն:

Մասնագետը նշեց, որ աշնանը և դեպի ձմեռ՝  սեզոնայնություն ունեն սուր շնչառական վարակները: Քանի որ քիթ-կոկորդ-ականջ օրգանները իրար հետ կապված են, մի օրգանի ախտահարումը կարող է բերել մյուս օրգանի ախտահարման՝ սխալ հիգիենայի, ուշացած կամ սխալ բուժման հետևանքով:

«Շատ հաճախ մարդիկ առանց բժշկի հետ խորհրդակցելու տարբեր տեսակի սփրեյներ և դեղորայք  են դեղատներից վերցնում  և զբաղվում  ինքնաբուժությամբ: Դա հատկապես վերաբերվում է քթի անոթասեղմիչ սփրեյներին, որոնք շնչառությունը բացում են, բայց դրանք չի կարելի օգտագործել հիվանդության սուր շրջանում: Նաև  ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ դրանք չի կարելի օգտագործել 3-7 օրից ավելի: Պետք է աշխատել հնարավորինս քիչ օգտագործել սփրեյներ,  քանի որ կարող է առաջանալ դեղորայքային   կախում: Դրանց երկար օգտագործումից հետո շատ հնարավոր է քիթը առանց այդ սփրեյների ուղղակի չշնչի»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով ականջակալների խնդրին՝ մասնագետն ընդգծեց, որ ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում:

«Ականջակալները ունեն իրենց օգտագործման կանոնները. առաջին հերթին պետք է մաքուր պահել ականջակալները, այսինքն՝ դնել գրպանը կամ պայուսակի մեջ չի կարելի: Այն պետք է լինի հատուկ ամանի մեջ, և պարբերաբար պետք է մաքրել ականջակալը և ամանը»,-ասաց Մուրադյանը:

Անդրադառնալով ձայնալարերի խնդիրներին՝ նա ընդգծեց, որ դրանք  բազմազան են և պետք է լինել շատ հետևողական: «Կուզեի նշել մի փաստ, որ մեր քաղաքացիները միշտ հիշեն, եթե մենք ունենք ձայնի կորուստ, խռպոտություն, խզվածություն և ձայնի հետ կապված ցանկացած փոփոխություն 7-ից 10 օր և ավելի, ուրեմն խիստ անհրաժեշտ է դիմել բժշկի պատճառը հասկանալու համար»,- նշեց մասնագետը:

Բժիշկ Մուրադյանը խորհուրդ տվեց ԼՕՌ խնդիրներից խուսափելու համար հագնվել եղանակին համապատասխան, օգտագործել շատ մրգեր, բանջարեղեն ու հեղուկներ և չափից շատ չխոսել:

Առհասարակ օրվա ընթացքում ինչքա՞ն է թույլատրվում օգտագործել ականջակալներ, և ականջակալների ո՞ր տեսակն է անհամեմատ ամենաանվնասը: Ականջներում խշշոցը, վատ լսելը և գլխացավը կարող են հուշել որևէ լուրջ խնդրի մասին: Կծու ուտելիքներից և սուր հոտերի առկայությունից ձայնի կորուստը ինչի՞ արդյունք կարող է լինել, և ինչպե՞ս լուծել խնդիրը:

Այս և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook