Friday, April 26, 2024
Նորություններ

Աղջիկը, որի մայրը քիմիաթերապիա էր ստացել հղիության ընթացքում, երկու տարեկան դարձավ

Հղիության 25 շաբաթից սկսած մինչեւ ծննդաբերություն Ասյան, որի մոտ ախտորոշվել էր ոչ հոջկինյան լիմֆոմա, քիմիաթերապիա էր ստանում։ Բուժումը նրան օգնել է հաղթահարել հիվանդությունը, ընդ որում չվնասելով նրա դստերը։ Բոլորովին վերջերս աղջիկը, ում կոչել են նրան բուժող բժշկի պատվին, 2 տարեկան դարձավ։ Բժիշկների գնահատականով՝ եւ մայրը, եւ երեխան հիմա առողջ են։

Իմանալով իր հիվանդության մասին՝ Ասյան երեք ռուսաստանյան կլինիկաներ է դիմել ու նրան ամենուրեք առաջարկել են ընդհատել հղիությունն ու քիմիաթերապիա սկսել։ Բայց Ասյան շատ էր ուզում երեխա ունենալ, դրա համար էլ որոշել է Հայաստան տեղափոխվել ու խորհրդակցել այստեղի մասնագետների հետ։ Նա հայտնվել է Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնի բժշկուհի Մարինե Մելիք- Անդրեասյանի մոտ, որն ասել է, որ բուժումը հնարավոր կլինի սկսել՝ պահպանելով հղիությունը։

Նախկինում հղի հիվանդների քիմիաթերապիան սկսելուց առաջ հղիությունը միշտ ընդհատում էին, սակայն վերջին տարիներին մասնագետները սկսել են հասկանալ, , որ հղիության երկրորդ կեսին արվող աբորտն ազդում է կնոջ ֆիզիկական առողջության ու հոգեկան վիճակի վրա, ինչը նվազեցնում է բուժման արդյունավետության հավանականությունը։ Ավելին՝ առկա գիտական տվյալները ցույց են տալիս, որ հղիության ուշ փուլերում քիմիաթերապիան սովորաբար չի վնասում պտղին։

Հղիության ժամանակ Ասյան ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս։ Երկու կուրսերի միջեւ նրան կեսարյան հատում են արել, նա լույս աշխարհ է բերել հասուն, միանգամայն առողջ աղջիկ, որին որոշել են Մարինա անվանել։

Անցած տարի, երբ աղջիկը մեկ տարեկան է դարձել, ծնողները նրա լուսանկարները ուղարկել են բժշկուհի Մարինե Մելիք-Անդրեասյանին։ Բժշկուհին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա իրեն շատ հուզել էր։ Իսկ բոլորովին վերջերս աղջիկը 2 տարեկան է դարձել ու ծնողները նորից նամակ են գրել բժշկուհուն ու աղջկա լուսանկարներն ուղարկել։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook