Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարմնի տարբեր հատվածների այտուցները

Ամռանն այտուցները բավական տարածված խնդիր են և որպես կանոն պայմանավորված են լինում շոգ եղանակով ու որոշակի ֆիզիոլոգիական գործոններով, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք հուշում են նաև բավական վտանգավոր հիվանդությունների մասին, որոնց ժամանակին ուշադրություն չդարձնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե առողջական որ խնդիրներն են դրսևորվում մարմնի տարբեր հատվածների այտուցներով։

Սրտային անբավարարություն

Այս խանգարման դեպքում սրտամկանը չի կարողանում ինչպես հարկ է իրականացնել արյան շրջանառությունն ու այն սկսում է կուտակվել անոթներում՝ հանգեցնելով այտուցների։ Առավել հաճախ սրտային անբավարարությունը դրսևորվում է որովայնի ու ոտքերի հատվածի այտուցներով։

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզը դրսևորվում է վահանաձև գեղձի ակտիվության նվազմամբ, ինչն էլ հանգեցնում է հյուսվածքներում հեղուկի լճացման ու այտուցների առաջացման։

Հաշիմոտոյի թիրեոդիտ

Աուտոիմունային այս հիվանդության դեպքում մարդու իմունային համակարգը հարձակվում է վահանագեղձի վրա՝ աստիճանաբար այն քայքայելով։ Այս հիվանդության մասին կարող են հուշել միայն մի ձեռքի կամ դեմքի մի կեսի այտուցները, ուստի նման տհաճ ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։

Լյարդի հիվանդություններ

Օրգանիզմի զտիչը հանդիսացող այս օրգանն օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկը, ուստի որոշ դեպքերում այտուցները կարող են հուշել լյարդի հիվանդությունների մասին։ Անառողջ այտուցվածությամբ կարող են դրսևորվել լարդի ցիռոզն ու հեպատիտները։

Երիկամների հիվանդություններ

Երիկամների հետ կապված առողջական խնդիրների դեպքում այտուցները սովորաբար ի հայտ են գալիս աչքերի շուրջը։

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետով պայմանավորված այտուցները կարող են տեղակայված լինել մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում նաև դեմքի կամ ոտքերի հատվածում։ Ավելին՝ որոշ դեպքերում կարող է այտուցվել ամբողջ մարմնինը։ Սա պայմանավորված է լինում երիկամների ու սրտամկանի աշխատանքների խանգարմամբ, ինչը բնորոշ է շաքարային դիաբետին։

Երակային անբավարարություն

Ստորին վերջույթների անոթների վատ վիճակը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա և ի հայտ են գալիս լճացումներ ու այտուցներ։ Այս ֆոնին կարող է զարգանալ նաև թրոմբոզ, ուստի հարկավոր է զգոն լինել։

Այտուցները կարող են պայմանավորված չլինել լուրջ խանգարումներով, սակայն որոշ դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այտուցներ նկատելիս անհապաղ դիմել բժշկին։ Բժշկի հետ խորհրդակցելու անհրաժեշտություն կա այն դեպքերում, երբ այտուցներն ի հայտ են գալիս անսպասելի, շատ արագ մեծանում են, այտուցված հատվածի մաշկի ջերմաստիճանը բարձրանում է և այն կարմրում է, ինչպես նաև ի հայտ են գալիս ինքնազգացողության վատթարացման ընդհանուր ախտանշաններ՝ հևոց, գլխացավ ու տհաճ զգացողություններ կրծքավանդակի հատվածում։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook