Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ կարևորելով դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդումը, ինչը երաշխիք է վաղ հասակից երեխաների մոտ ձևավորելու առողջ կենսակերպ: «Հանրային առողջապահության տեսակետից շատ կարևոր է առողջ ապրելակերպի սերմանումը արդեն իսկ մանկական տարիքում», – ընգծել է փոխնախարարը:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարաշածրջանային գրասենյակի խորհրդատու, առողջ ապրելակերպի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով Տիգրան Եպոյանը ներկայացրել է միջազգային փորձը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծահասակների վաղաժամ մահացության 60%-ը պայմանավորված է դպրոցական և դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով: Առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտից զերծ մնալը, սեռական և վերարտադրողական առողջության հիմունքներից տեղեկացված լինելը ոչ միայն նպաստում են երեխաների և դեռահասների առողջության ամրապնդմանը, այլև նվազեցնում են մեծ տարիքում հիվանդացության ռիսկը:

Հայաստանի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից: Այդուհանդերձ, «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտության» արդյունքում դասավանդման որոշ թեմաների շուրջ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, ինչը հիմք է հանդիսացել վերանայելու և բարելավելու տվյալ գործընթացը: Հաստատվել և գործում է  «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը»՝ 2016 -2020 թթ. գործողությունների պլանով:

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջությանի ինստիտուտի նախաձեռնությամբ, Կրթության ազգային ինստիտուտի, առողջապահության և կրթության և գիտության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով վերանայվել և տպագրվել է  «Առողջ ապրելակերպ» մեթոդական ձեռնարկը ուսուցիչների համար: Հատուկ մշակված ուսումնական ծրագրով իրականացվել է մայրաքաղաքի 185 դպրոցի 248 ուսուցչի վերապատրաստում: Ծրագրի շրջանակում նաև ստեղծվել է տեղեկատու հարթակ դեռահասների և երիտասարդների համար` www.teenslive.am, նկարահանվել են թեմատիկ տեսահոլովակներ: Նման նախաձեռնությունները միջսեկտորալ համագործակցության դրական օրինակ են, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook