Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ անել, եթե տանը սնդիկով ջերմաչափ է կոտրվել. սնդիկից թունավորման առաջին նշանները

Սնդիկն իրենից վտանգ չի ներկայացնում, վտանգավոր են միայն վերջինիս գոլորշիները, որոնք ունեն թունավոր ազդեցություն: Եթե տանը կոտրել եք սովորական բժշկական ջերմաչափ կամ սնդիկ պարունակող այլ սարք, սնդիկը լիարժեք չհեռացնելու դեպքում վերջինիս գոլորշիները ժամանակի ընթացքում կարող են ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը:

Ախտահարման առաջին նշաններն են.
• ընդհանուր թուլություն,
• անտարբերություն,
• գլխացավ,
• գլխապտույտ

Այնուհետև կարող է առաջանալ.
• ձեռքերի մատների, շրթունքների դող,
• համային զգացումների խանգարում (մետաղական համ),
• արցունքահոսություն,
• մեզի գույնի փոփոխություն

Ցանկացած դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սնդիկի գոլորշիացումը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումները կոչվում են դեմերկուրիզացիա: Գոյություն ունի մեխանիկական և քիմիական դեմերկուրիզացիա: Թափված սնդիկի գնդիկների հավաքման համար պետք չէ օգտագործել ավել կամ փոշեկուլ: Առաջարկվում է.

• որոշել թափված սնդիկի տարածվելու չափը, մեկուսացնել տարածքը՝ սահմանափակել մարդկանց մուտքը, փակել դռները և ժամանակավորապես դադարեցնել տեղական օդափոխությունը` թույլ չտալով գոլորշիների տարածումը,

• կրել անձնական պաշտպանական հանդերձանք, օրինակ՝ ռետինե ձեռնոցներ և գոգնոց (հեռացնել զարդեղենը` թույլ չտալով, որպեսզի սնդիկը վերածվի ամալգամայի՝ շփվելով որևէ թանկարժեք մետաղի հետ),

• օգտագործել փոքր շերեփ, ստվարաթղթե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և կարծր, պլաստմասե, ջրով տարողության մեջ տեղափոխելու համար,

• օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ կամ պիպետ` կլանելու համար մնացած սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար),

• ամբողջ սնդիկը տեղավորել անօդաթափանց պլաստմասե, ջրով լցված տարողության մեջ,

• մանրազնին մաքրել ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը,

• բացել պատուհանները և օդափոխել տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները:

Ինչ վերաբերում է սնդիկի հեռացման քիմիական մեթոդներին, ապա տնային պայմաններում կարելի է օգտագործել կալիումի պերմանգանատի 0.2% լուծույթ, որը ստանալու համար 2 գրամ կալիումի պերմանգանատը պետք է լուծել 1 լիտր ջրում: Լուծույթով համապատասխան տարածքի մշակումն անհրաժեշտ է կրկնել մի քանի անգամ:

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook