Ինչպես հայ տղան դարձավ բրիտանացի լորդ. Արա Դարզի
doctors.am-ը գրում է : Արա Վարդգես Դարզին (ծն. 1960 թ. մայիսի 7) աշխարհի առաջատար վիրաբույժներից է, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ, Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաներ կիրառելու առաջամարտիկ է։
Բրիտանիայի ազնվականությունը փակ ակումբ է. գրեթե անհնար է ակումբ «սողոսկել փողոցից»: Այնուամենայնիվ, հասարակ հայ ընտանիքի՝ Արա Դարզի անուն-ազգանունով զավակին դա հաջողվել է. այժմ նա լորդ է և կրում է բարոն տիտղոսը (բարոն Դենհեմ):
Արա Դարզին ծնվել է Բաղդադում, որտեղ նրա տատը և նախատատը հանգրվանել են՝ փրկվելով Եղեռնից: Էրզրումում ապրող ընտանիքի բոլոր տղամարդկանց թուրքերը սպանել են:
17 տարեկանում տղան մեկնել է Դուբլին՝ բժշկական կրթություն ստանալու։ Արան սովորել է Վիրահատության թագավորական քոլեջում, այնուհետև գիտական կոչում է ստացել Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջում, որը համարվում է Իռլանդիայի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը: Համադասարանցիները նրան անվանում էին Դարա Դարզի (Dara-ն և Darcy-ն իռլանդական անուն և ազգանուն են):
1990 թ. Դարզին տեղափոխվում է Անգլիա. նա վիրաբույժ է աշխատում Միդդլսեքս և Սուրբ Մարիայի հոսպիտալներում: Վեց տարի անց Դարզին դառնում է պրոֆեսոր և զբաղեցնում կարևոր պետական պաշտոններ՝ այդ թվում ղեկավարելով քաղցկեղի ուսումնսիրության ինստիտուտը: Ի վերջո, Դարզին դառնում է Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգի նախարար՝ իրականացնելով ազգային առողջապահական համակարգի բարեփոխումներ և ձեռք բերելով համաշխարհային ճանաչում՝ շնորհիվ նորարարական գաղափարների, որոնք կիրառվում են մի շարք երկրներում: Վիրաբույժի քաղաքական նվաճումներից է նաև նրա անդամակցությունը Լորդերի պալատին:
2002 թ. Արա Դարզին ստանում է ասպետի կոչում՝ հանուն Մեծ Բրիտանիայի՝ իր վաստակի, իսկ 2007 թ.՝ արժանանում պերի տիտղոսի: 2009 թ. լորդ Դարզին դառնում է Նորին Գերազանցություն Ելիզավետա II-ի Գաղտնի խորհրդի անդամ: Նա նաև պատվավոր պաշտոններ է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր նշանավոր բժշկական կազմակերպություններում:
Ներկայում Դարզին, ում անվանում են լապարոսկոպիայի առաջամարտիկ, վերադարձել է գիտություն՝ ղեկավարելով հետազոտողների մի խումբ: Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են՝ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը և կից տեխնոլոգիաները, կենսաբժշկական ճարտարագիտությունը (բժշկական կրթությունից բացի, Դարզին նաև ճարտարագիտական գիտությունների գիտական աստիճան ունի): Պրոֆեսորը առաջ է քաշում նաև այն գաղափարը, որ բժշկական տվյալները պետք է հասանելի լինեն հիվանդին, և նա պետք է առավելագույնս տեղեկացված լինի իր առողջական վիճակին և բուժման մեթոդներին:
Մի անգամ Դարզին մարդու կյանք է փրկել հենց Լորդերի պալատում նիստի ժամանակ: Պալատի անդամներից մեկը՝ լորդ Բրեննանը, վատ է զգացել. նա սրտային նոպա է ունեցել: Դարզին կարողացել է «ուշքի բերել» իր գործընկերոջը: Ինչպես ինքը՝ բժիշկն է հետագայում պատմել, մինչ նա վերակենդանացմամբ էր զբաղված, Պալատի ևս մի անդամ՝ Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն, աղոթել է Բրեննանի փրկության համար: Երբ լորդ Բրեննանը ուշքի է եկել, Դարզին հոգևորականին ասել է՝ «Կարծում եմ՝ մենք դա միասին արեցինք»:
Լորդ Դարզին ասում է, որ թեև Հայաստանում չի եղել, այդուհանդերձ, մեծացել է հայ լինելու ինքնագիտակցությամբ: Ծնողների և քրոջ հետ շփվելիս նա, ինչպես միշտ, հայերեն է խոսում: Դարզին նրանց Իրաքից փոխադրել է Լոնդոն: Լորդ Դարզին ամուսնացած է և երկու զավակների հայր է:
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016