Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ վտանգավոր հիվանդությունների ախտանշան կարող է լինել դողը

Դողը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի, ինչպես նաև շնչառական համակարգի այլ հիվանդությունների հիմնական ախտանշաններից մեկը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ցրտի այս տհաճ զգացողությունը կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ ոչ պակաս վտանգավոր խանգարումներով։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, դողի ամենատարածված պատճառը ցուրտ եղանակն է, ուստի այս դեպքում խնդրից կարելի է ազատվել պարզապես տաք հագուստի և տաքացնող ըմպելիքների ու սննդի օգնությամբ։ Սակայն լինում են դեպքեր, երբ դողը հուշում է առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք չի կարելի անտեսել։

Շնչառական համակարգի հիվանդություններով պայմանավորված դողը սովորաբար ուղեկցվում է հազով, կրծքավանդակում ճնշման զգացողությամբ, գլխացավերով, հեևոցով ու պարբերաբար ի հայտ եկող ջերմության զգացողությամբ, սակայն այս տհաճ ախտանշանը կարող է հուշել նաև այլ խնդիրների մասին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Հիպոթիրեոզ

Այս հիվանդությունը բնորոշվում է վահանաձև գեղձի ակտիվության նվազմամբ և նյութափոխանակութունը կարգավորող հորմոնների ոչ բավարար քանակությամբ։ Հիպոթիրեոզի դեպքում նկատվում է ոչ միայն դող, այլև հոգնածություն, քաշի ավելացում, դեմքի այտուցվածություն, մկանային ցավեր, հոդացավեր, փորկապություն, մաշկի չորություն, մազերի որակի վատթարացում, ընկճախտ ու սրտի ռիթմի դանդաղում։

Սակավարյունություն (անեմիա)

Անեմիան արյան մեջ երկաթի քրոնիկ դեֆիցիտն ու հեմոգլոբինի ցածր մակարդակն է, որը թույլ չի տալիս հագեցնել օրգաններն ու բջիջները բավարար քանակությամբ թթվածնով և հանգեցնում է թթվածնաքաղցի զարգացման, ինչը կարող է առաջացնել շատ վտանգավոր խնդիրներ, այդ թվում՝ սրտամկանի կամ գլխուղեղի գործառույթների խանգարումներ։ Այս հիվանդությունը կարելի է ախտորոշել արյան անալիզի միջոցով։ Ընդ որում՝ կանայք ավելի հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ։

Վարակներ

Մարմնի ցավերով ու բարձր ջերմությամբ ուղեկցվող դողը հուշում է, որ օրգանիզմը պայքարում է վիրուսային կամ բակտերիալ վարակներ դեմ։ Նման վարակներից առավել տարածվածներն են մրսածությունն ու միզուղիների վարակները։

Հիպոգլիկեմիա (թերշաքարարյունություն)

Դողը կարող է պայմանավորված լինել նաև արյան մեջ շաքարի մակարդակի նվազմամբ, ինչը հատկապես վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Լուրջ դեպքերում այս խնդիրը կարող է հանգեցնել մտքերի խառնաշփոթի, ջղաձգումների, տեսողության խանգարումների և անգամ կոմայի։

Ռևմատոիդ արթրիտ

Բորբոքային հիվանդությունները, այդ թվում նաև ռևմատոիդ արթրիտը, նույնպես կարող են դառնալ դողով ուղեկցվող տենդի պատճառ։

Լեյկոզ (արյան քաղցկեղ)

Այս վտանգավոր հիվանդության բնորոշ հիմնական ախտանշաններից մեկն է դողը։ Բացի այդ, լեյկոզի դեպքում կարող են նկատվել որովայնի ցավեր ու սաստիկ հոգնածության զգացում։

Որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին

Այսպիսիով՝ հարկ է հիշել, որ դողը կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր հիվանդություններով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Որոշ դեպքերում հիվանդին հարկավոր է ցուցաբերել անհապաղ բուժօգնություն, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի ժամանակին մասնագետին դիմելը շատ կարևոր է։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, եթե դողն ուղեկցվում է.

  • մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ,
  • դժվարացած շնչառությամբ,
  • հիվանդի մոտ նկատվող անտարբերությամբ,
  • նոպաներով,
  • պարանոցի կարծրացմամբ,
  • մաշկային ցանով,
  • մարմնի որևէ հատվածի այտուցվածությամբ կամ բորբոքմամբ,
  • սրտի զարկերի սաստիկ արագացմամբ,
  • ավելի քան 5 օր պահպանվող տենդով, որը չի մեղմվում անգան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Բացի այդ, մասնագետները նախազգուշացնում են, որ առանձնահատուկ զգոն պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն այնպիսի քրոնիկ առողջական խնդիրներ, ինչպիսին են երիկամների, սրտի կամ թոքերի հիվանդությունները։ Նման խանգարումների դեպքում դողի առկայությունը խոսում է անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին։

Նյութը՝ med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook